Հասարակություն

Սուրբ Սարգսի տոնը՝ փետրվարի 15-ին

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ հռչակված է երիտասարդների օրհնության օր: Այս տարի երիտասարդների արագահաս բարեխոս սրբի տոնը նշվելու է փետրվարի 15-ին: Տոնը շարժական է և նշվում է՝ կախված Սուրբ Հարության տոնի օրից: Արարատյան Հայրապետական թեմը 7 տարի շարունակ երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ: Տոնի այս տարվա միջոցառումների ժամանակացույցը և դրանց մանրամասներն է այսօր ներկայացրել Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը միևոնույն ժամանակ խոսելով նաև տորնի խորհրդի և ժողովրդական սովորույթների մասին:

Հայ Առաքելական եկեղեցու օրացույցում իր առանձնահատուկ տեղն ունի Սուրբ Սարգսին նվիրված տոնը: Այս տարի Սուրբ Սարգսի տոնը կնշենք Տյառնընդառաջի հաջորդ օրը այն է՝ փետրվարի 15-ին: Հայ եկեղեցու տոնացույցի համաձայն` Սուրբ Սարգսի տոնը հաջորդում է Առաջավորաց , այսինքն` առաջին պահքին, որը 301 թվականին հաստատվել է Գրիգոր Լուսավորչի կողմից: Շաբաթապահքն իհարկե Սուրբ Սարգսի տոնի հետ կապ չունի, բայց քանի որ համընկնում է, շատ երիտասարդներ հետևում են հնգօրյա այս պահքին, որից դուրս են գալիս հենց Սուրբ Սարգսի տոնի օրը, պարզաբանեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Ի դեպ՝ Արարատյան Հայրապետական թեմը 7 տարի շարունակ երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ ”Սիրո ուժն է անհաղթ” կարգախոսով: Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տոնակատարությւոններն այս տարի կմեկնարկեն փետրվարի 10-ից ռազմական կրթօջախներից և զորամասերից: Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային քարոզչության պատասխանատու Էլզա Մանուկյանի տեղեկացմամբ` ներկայացումներ, մրցույթներ, վիկտորինաներ, ցուցահանդեսներ և համերգներ կկազմքակերպվեն ամբողջ շաբաթվա ընթացքում:

Չմոռանանք նաև, որ տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական սովորույթներով: Շատ երիտասարդներ անհամբեր սպասում են աղի բլիթ ուտելուն և այլուրով
կամ աղանձով սկուտեղները տանիքին դնելուն` ակնկալելով, որ Սուրբ Սարգիսն անպայման կանցնի տվյալ տան կողքով և որպես նշան սկուտեի պարունակության վրա կմնա նրա ձիու նալի հետքը:

Հիշեցնենք, որ Սուրբ Սարգսի տոնի օրը Սուրբ Պատարագ է մատուցվում սրբի անունը կրող բոլոր եկեղեցիներում, որի ավարտին կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվեն նաև Սուրբ Սարգիս Զորավարի մասունքները: Ամբողջ օրվա ընթացքում մարդիկ կկարողանան տեսնել սրբի մասնունքները և հայցել սրբի բարեխոսությւոնը: Այս տարի առաջին անգամ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից առաջնորդանիստ եկեղեցի կբերվի նաև 17-րդ դարի ձեռագիր ավետարանը, որ գրվել ու պահվել է Սուրբ Սարգիս եկեղեցում մինչև 20-րդ դարի սկիզբը:

Ցուցադրել ավելի
Back to top button