Հասարակություն

Մոր եւ մանկան մահացության ցուցանիշը ԱՊՀ- ում ամենաբարվոքն է, սակայն ԵՄ- ին հասնելու մեծ ճանապարհ ունենք

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մոր և մանկան առողջության պահպանման հիմնախնդիրները վերջին տարիներին կառավարության գերակա խնդիրներից է: Առողջության պահպանման գործընթացում մեծ դեր են խաղացել բուժօգնության մատչելիության և որակի բարելավման, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրերը, ինչի արդյունքում էլ վերջին տարիներին նվազել են մանկական և մայրական մահացության ցուցանիշները:

Պատվաստումները կանխարգելիչ արդյունավետ միջոցներից են, և, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, պատվաստումների շնորհիվ յուրաքանչյուր տարի  փրկվում է ավելի քան 3 մլն. կյանք։ «Պատվաստումների շնորհիվ մենք պաշտպանում ենք ոչ միայն պատվաստվածներին, այլ նաև շրջապատին` չպատվաստվածներին»,- ասում է առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։ Նա ընդգծում, որ Հեպատիտ B-ի դեմ պատվաստումների արդյունքում մինչև 14 տարեկան երեխաների մոտ հիվանդության դեպքեր  չեն գրանցվել: Անցյալ տարի Վրաստանում կարմրուկի համաճարակի  Հայաստան չհասնելը նույնպես պատվաստումների արդյունք էր, ասում է մասնագետը։ Հանրապետությունում գրանցվել էր կարմրուկի 11, իսկ կարմրախտի` 4 բերովի դեպք:

Հաճախ է լրատվամիջոցներում և մամուլում շրջանառվում, որ պատվաստանյութերը հնդկական են և ժամկետանց: Սակայն ոլորտը վերահսկողը վստահեցրեց, որ այն ներկրվում է միայն եվրոպական հայտնի արտադրողներից: Իսկ այն, որ պատվաստումների հետևանքով մահացության դեպքեր են գրանցվել, Գայանե Սահակյանը պնդեց, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

ՀՀ Ան կողմից մոր և մանկան առողջության պահպանման ուղղությամբ ևս իրականացվել են մի շարք ծրագրեր: Ոլորտում ծառայությունների մատչելիության և որակի բարելավման ուղղությամբ աշխատանքները շարունակական են, արդյունքում  էլ մայրական առողջության ոլորտում գրանցվել է  մահացության դեպքերի նվազում: ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ  Կարիներ Սարիբեկյանը վստահեցնում է, որ մեզ մոտ գրանցված  ցուցանիշները   ԱՊՀ երկրների հետ համեմատ լավ է, սակայն դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք ԵՄ երկրներին հասնելու համար: Իսկ երեխաներին մինչև յոթ տարեկան անվճար բուժօգնությունից օգտվելու հավաստագրերը տրամադրելուց հետո 10 անգամ նվազել են ոչ պաշտոնական վճարումները:  Սակայն ծրագրի մեկնարկից հետո  կրկնապատկվել է հիվանդանոցային դեպքերի քանակը, քանի որ լինում են  անհարկի հոսպիտալացումներ: Այս ծրագիրն իր ազդեցությունն է ունեցել նաև մանկական մահացության վրա:

2014 թվականին ծննդօգնության բյուջետային ֆինանսավորումը նախորդ տարիների հետ համեմատ եռապատկվել է 2.3 մլրդ դրամից հասնելով մինչև 7 մլրդ- ի: 

Ցուցադրել ավելի
Back to top button