ԿարևորՄշակույթ

Մշակույթի նախարարը ներկայացնում է 2014- ի գերակա ծրագրերը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայկական  ժառանգության  էլեկտրոնային շտեմարանների ստեղծում,  պատմամշակութային անշարժ  հուշարձանների  պահպանության  և օգտագործման  բնագավառում  մասնագիտական գործունեության կարգավորում, Ցեղասպանության  100-ամյա տարելիցին ընդառաջ ծրագրի իրականացում, երգչախմբային արվեստի խթանում, մշակութային կադրերի վերապատրաստում. մշակույթի ոլորտի 2014 թվականի գերակա ուղղությունները, որոնք այսօր լրագրողներին է ներկայացրել  ոլորտի պատասխանատուն՝ նախարար  Հասմիկ Պողոսյանը:

2013 թվականի հունիսի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի կոմիտեն Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաներն ու կինոերաժշտությունը գրանցեց  միջազգային ռեգիստրում, ինչը ենթադրում է, որ հայ մեծանուն կոմպոզիտորի ժառանգությունն այլևս համամարդկային մշակութային ժառանգության պահպանության տիրույթում  է:  Սույնն ամրագրող ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրերս ստացված հավաստագիրը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այսօր հանդիսավորությամբ հանձնեց Արամ Խաչատուրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանին: Իսկ մինչ այդ՝ նախարարը խոսեց 2014-ի մշակույթի ոլորտի գերակայությունների մասին։

«2014-ին կմեկնարկեն «Հայ պարբերական մամուլ» եւ «Հայ գիրք» համահավաք  շտեմարանների ստեղծման աշխատանքները: Լուրջ աշխատանքներ են նախատեսվում  պատմամշակութային անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի  պահպանության և  օգտագործման բնագավառում: Նախատեսում ենք երգչախմային արվեստի զարգացմանը նպաստող միջոցառումներ: Մշակութային կադրերի վերապտրաստման ծրագրեր»,- ասում է նախարարը։

2014- ին  կիրականացվեն  մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր: Մի քանի դահլիճներ  կվերազինվեն  լուսաձայնային  բեմական սարքավորումներով, սիմֆոնիկ  նվագախմբերի համար  ձեռք կբերվեն  երաժշտական գործիքներ։ Այս տարվա կարևորագույն խնդիրների ցանկում, իհարկե,  Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ծրագրի իրականացումն է: Ծրագրի շրջանակներում  կհրատարակվի  Ցեղասպանությանը նվիրված գրականություն՝  հայերեն և օտար լեզուներով: Հայաստանում և արտերկրում  կանցկացվեն   երաժշտական ծրագրեր,  կիրականացվեն թատերական և կինոնախագծեր, կկազմակերպվեն ցուցահանդեսներ։

Ոլորտին առնչվող նախարարինուղղված լրագրողների հարցերն այսօր բազմաթիվ էին։ Առանձնացնենք հանրային առավել մեծ հետաքրքրություն  ներկայացնող հարցերից մի քանիսի պատասխանները: Նախ՝ Սոս Սարգսյանի անվան թատրոնի մասին. «Երբ ամբողջ գումարը հավաքվի, շինարարական աշխատանքները կմեկնարկեն: Ոչ բավարար գումարով շինարարություն սկսել չենք կարող»,- ասաց Հասմիկ Պողոսյանը:

Մնջախաղի թատրոնի շենքի հարցը 2014-ի օրակարգում ևս բացակայում է։ «Դա այսօրվա ամենահրատապ հարցը չէ»,- նկատում է նախարարը: Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ճակատագիրը ևս հետաքրքրում էր լրագրողներին: Ո՞վ կլինի թատերականի նոր ռեկտորը, որքանո՞վ են հիմնավոր լուրերը, որ ինստիտուտի  շենքը գրավադրված է։ «Կլինեն  օրինական ընտրություններ: Ցանկացողները կգան և կպայքարեն այդ տեղի համար»։

Լրագրողների խնդրանքով նախարարն անդրադարձավ նաև Վայոց ձորի Մագիլի  քարանձավի խնդրին: Հիշեցնենք՝ մասնագետներն ահազանգում են, որ Հայաստանի ամենամեծ ու Կարմիր գրքում գրանցված կենդանիներով հարուստ քարանձավը հայտնվել է լուրջ վտանգի առջև, քանի որ այն որոշել են շահագործել զբոսաշրջության  նպատակով։

Մասնագետները պնդում են, որ դա լրջորեն սպառնում է տեղի կենդանատեսակների գոյությանը: Նախարարն այսօր վստահեցրեց՝ եթե ահազանգն արդարացված է, ծրագիրը, բնականաբար, կկասեցվի: Միաժամանակ հավելեց՝ մեր բնական հարստությունները չպետք է խուսափենք օգտագործել որպես զբոսաշրջության զարգացման միջոց։

Ցուցադրել ավելի
Back to top button