ԿարևորՔաղաքական

Եթե հասարակությունը պահանջի. ԱԺ ճեպազրույցներում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական ճեպազրույցներն այսօր շարունակել են քառօրյայի հիմնական թեման: Գազի հարցով հանձնաժողով  ձևավորելու առաջարկը շարունակում է օրակարգում մնալ, բայց արդեն ոչ թե արտակոալիցիոն, այլ կոալիցիոն ուժերի նախաձեռնությամբ: Երեկ՝ քառօրյայի ավարտին,  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով թեմայի շուրջ խորհրդարանակն քննարկումները, նշեց, որ գազի համակարգում առկա խնդիրները պետք է քննարկվեն,  և այդ նպատակով առաջիկայում խորհրդարանում հանձնաժողով կստեղծվի: Հայտարարությունից մեկ  օր առաջ խորհրդարանը քվերակությամբ մերժել էր գազային հանձնաժողով ձևավորելու ոչ խորհրդարանական ուժերի առաջարկը: Այսօր ճեպազրույցներին լրագրողները փորձել են հասկանալ, թե պատրաստվո՞ւմ են արդյոք ոչ կոալիցիոն ուժերը մասնակցել  կոալիցոն աաջաջարկով ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքին: 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը գազի հարցով հանձնաժողով ստեղծելու իշխանության մտադրության մեջ քմահաճություն է տեսնում, բայց եթե այդ  հանձնաժողովը ստեղծվի ու  իր առջև նույն խնդիրները  դնի, պատրաստ են համագործակցել: 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առայժմ  լավ չի պատկերացնում, թե կոալիցիայի առաջարկած քննարկման ձևաչափն ինչ է իրենից ներկայացնելու: Դա հանձնաժողով է, նոր ձևաչափ  թե պարզապես խորհրդարտվություն ՝ առայժմ պարզ չէ, բայց Դաշնակցությունը կարծում է, որ ավելի լավ է ինչ-որ բանել անել, քանի ոչինչ չանել:

ՕԵԿ-ը չի կարծում, թե Հովիկ Աբրահամյանի առաջարկած ձևաչափը հենց հանձնաժողովն է: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը գտնում է, որ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով կարելի է ձևավորել հատուկ դեպքերում, իսկ այս դեպքում կարող են օգտակար լինել նաև այլ ձևաչափերը: «Եթե մենք կոնկրետ գազի հարցով ժամանակավոր հանձհնաժողով ստեղծելու խնդիր ենք դնում, ապա բազմաթիվ այլ հարցերով էլ պիտի հանձնաժողովներ ձևավորենք: Իսկ եթե հիշողությունս չի դավաճանում, ԱԺ-ում հանձնաժողովներ ստեղծվել են հատուկ դեպքերում»,- ասաց Շահգելդյանը։

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, սա հենց այդ հատուկ դեպքն  է: ԲՀԿ-ն կմասնակցի հանձնաժողովի աշխատանքին, եթե համոզված լինի, որ այն իմիտացիոն չէ: «Եթե նախաձեռնությունը միայն գոլորշի բաց թողնելու համար է լինելու, ապա կքննարկենք: Իսկ եթե ոչ, որեւէ ամբիցիա չունենք: Քավ լիցի։ Եթե նպատակը, որ անպայման իրենք դրա հեղինակը լինեն, թող լինեն և թող այդ հանձնաժողովը կոչվի Հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»։

ՀԱԿ-ը չի հավատում իշխանության անկեղծությանը: Լևոն Զուրբայանն ասաց, որ հավատալու հիմքերն են քիչ: Բացի դրանից` ՀԱԿ-ն ունի նաև մարտիմեկյան հանձնաժողովի փորձը:  Կոալիցիայից խոստում եղավ, բայց հանձնաժողով չձևավորվեց: «Չգիտեմ, իրենց որ խոսքին կարելի է հավատալ: Հստակ խոստացան, հետո նույն հստակությամբ էլ դրժեցին իրենց խոստումը: Դրանից հետո ես իրենց ո՞նց հավատամ»։

ՀՀԿ խմբակցության ղեկավարին առանձնապես չի մտահոգում  փաստը, որ Լևոն Զուրաբյանը չի հավատում իշխանության խոստումներին: Կոալիցիան գազի թեմայով քննարկումներն իսկապես մտադիր է շարունակել, թե ինչ ձևաչափով, ինչ խնդիրներ պարզաբանելու համար, առայժմ պարզ չէ: Գալուստ Սահակյանն ասաց, որ ամեն ինչ կախված է լինելու հասրակության պահանջից։ «Եթե դա հասարակական պահանջ դառնա, մարդիկ մեկնաբանությունների կարիք ունենան, ինչը դեռ չենք տեսնում, մենք հատուկ սցենարներով հանդես կգանք: Դա կլինի կամ քննարկում հանձնաժողովում, կամ լսումներ, իսկ եթե ակնհայտորեն անհրաժեշտություն լինի, որ նաև հասարակությունը մասնակցի, ինչո՞ւ ոչ։ Կարող ենք նաև հանձնաժողով ստեղծել»։

Ցուցադրել ավելի
Back to top button