Քաղաքական

Քաղաքական դաշտում վակուում է, ասում է քաղաքագետ քաղաքական գործիչը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հայաստանյան քաղաքական դաշտում վակուում է առաջացել և առայժմ պարզ չէ, թե ով կլրացնի բաց տարածքը»,-այսօր նման տեսակետ է հայտնել «Ժառանգություն»կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում և՛ իշխանությունը և՛ ընդդիմությունը, կարծեք, նիրհի մեջ են: Մինչ ներքաղաքական խնդիրներին անդրադառնալը՝ նա փոխանցել է իր տպավորությունները Մյունխենի անվտանգության կոնֆերանսի մասին, որին մասնակցում էր օրերս: Նշենք, որ կոնֆերանսին մասնակցել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Մյունխենում կայացած անվտանգության կոնֆերանսում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն արձանագրել է հետևյալը. «Մեր խնդիրները միջազգային հարթակում ներկայացնելու հնարավորությունները նվազման միտում ունեն: 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը կորել է»:

«Մարում է շատ հասկանալի պատճառներով: Հայաստանը մտնում է մի միության մեջ, որտեղ շեֆը Ռուսաստանն է և եթե պետք ինչ որ բան պայմանավորվել Հայաստանի հետ, ավելի լավ է պայմանավորվել նրա ղեկավարի հետ: Արևելյան գործընկերությանը նվիրված քննարկմանը մասնակցում էին Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ներկայացուցիչները, բայց ոչ Հայաստանի: Սա արդեն խոսուն փաստ է»:

Ուկրաինայի շուրջ ծավալված թեժ քննարկումների արդյունքում Սաֆարյանի եզրահանգումն այսպիսին է՝ ոչ Ռուսաստանը ցանկություն ունի զիջել Ուկրաինան և ոչ էլ Արևմուտքը: Վերջինն իր լիակատար աջակցությունն է հայտնում ուկրաինական հասարակության ընտրությանն ու ընդդիմության պայքարին: Սիրիայի խնդրի վերաբերյալ «նկատելի էր, որ Միացյալ Նահանգները չափազանց դողում է սիրիական հարցում ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությունների վրա»:

«Մյունխենից հետո տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանն աշխարհից կտրված է: Հայաստանում և՛ իշխանությունը և՛ ընդդիմությունը, կարծեք, նիրհի մեջ են: Բացի կուտակային կենսաթոշակի դեմ պայքարից ընդդիմադիր ուժերի միջև որևէ այլ հարցում կոնսոլիդացիա չկա»:

Ստյոպա Սաֆարյանի բնորոշմամբ՝ հայաստանյան քաղաքական դաշտում վակուում է առաջացել և առաջիկայում ամենակարևոր հարցերից մեկը կլինի այն, թե ով է լրացնելու այդ բաց տարածքը: Ցուցաբերած ակտիվությամբ քաղաքական ուժերն, ըստ նրա, զգալիորեն զիջում են քաղաքացիական նախաձեռնություններին: Երկուսի համագործակցության մասին «Ժառանգություն» կուսակցության քարտուղարն առայժմ դրական որևէ գնահատական տալ հնչեցնել չի կարող:

Ցուցադրել ավելի
Back to top button