Տնտեսական

Վանաձորում վերականգնվել է գազի մատակարարումը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Վանաձորում վերականգնվել է գազի մատակարարումը. այսօրվանից գազ սպառողները կստանան գազ: Այն վերկանգնվել է  երեկ երեկոյան` ժամը 23:30-ի սահմաններում: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով վարչապետ Տիգրան Սարգսյանի խնդրանքով ներկայացրել է մի քանի օր առաջ Վանաձորում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք որ փետրվարի 3-ին Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով դադարեցվել էր քաղաքի գազամատակարարումը: Գևորգյանի խոսքերով` սպասարկող ընկերությունը անվտանգությունից ելնելով գազամատակարարումը դադարեցրել էր, ինչ հետևանքով խնդիրներ են տեղի ունեցել էներգամատակարարման հետ կապված:

«Վթարի հիմնական տեղը հայտնաբերվել է, այն բավականին բարդ է եղել, երեքշաբթի օրվանից մասամբ սկսվել է վերականգնվել գազամատակարարումը: Երեկ երեկոյան վթարը վերացվել է, գազը մատակարարվել է Վանաձորում, հույս ունենք, որ այսօրվանից գազասպառողները կստանան գազ»,- ասել է Արմեն Գևորգյանը: Ըստ նրա` ցուրտ եղանակի պայմաններում բնակչությունը սկսել է ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել և լարվածությունից խափանումներ են առաջացել նաև էներգահամակարգերում: Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, աշխատանքներ են տարվում, որպեսզի առողջապահական և կրթական հիմնարկները վերադառնան նորմալ աշխատանքային հունի:

Նշվել է նաև, որ Վանաձորի ծննդատանն այս պահին խնդիրներ կան ջեռուցման հետ կապված, սակայն այդ ուղղությամբ էլ աշխատանքներ են տարվում:

Ցուցադրել ավելի
Back to top button