Հասարակություն

Համայնքների խոշորացումը կնպաստի կառավարման արդյունավետ համակարգի ձեւավորմանը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Եվրոպայի խորհրդի, Դանիայի արտաքին գործերի նախարարության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է տեղական ինքնակառավարման ամրապնդմանն ուղղված եռամյա ծրագիր։ Նոր ծրագիրը ներառված է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2012-14 թթ գործողությունների ծրագրում: Տեղական ինքնակառավարման ամրապնդմանն ուղղված ծրագրի նպատակն է Հայաստանում տարածել գիտելիքներ տեղական ժողովրդավարության եվրոպական չափանիշերի և լավագույն փորձի վերաբերյալ:

Ներկայացնելով «Աջակցություն տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագիրը ` տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նշեց, որ Նախարարների կոմիտեում Հայաստանի  նախագահությունը ավարտվեց, սակայն Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ մեր համագործակցությունը շարունակվում է` թևակոխելով նոր փուլ և ստանալով նոր դինամիկա։

Փոխվարչապետը վստահությամբ փաստում է, որ տեղական ինքնակառավարումը կայացել է և համակարգի ապագայի մեր տեսլականն է ունենալ ընդլայնված հնարավորություններով ու մեծ պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կապահովեն պատշաճ որակի հանրային ծառայությությունների մատուցումը բնակչությանը։

Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումն ապահովող արդիական ու կարևոր խնդիր է համայնքների խոշորացումը: Մենք ունենք 915 համայնք և Արմեն Գևորգյանը վստահ է, որ համայնքների խոշորացումը նպաստելու է նրանց հնարավորությունների ավելացմանն ու կառավարման ավելի արդյունավետ համակարգի ձևավորմանը:

Տեղական իշխանությունների հիմնական պարտականությունն է արձագանքել քաղաքացիների կարիքներին ու խնդիրներին, նկատեց Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Քնուդ Անդերսենը՝ հավաստիացնելով, որ կոնգրեսը պատրաստ է աջակցել տեղական իշխանություններին իրենց ամենօրյա աշխատանքում` ոչ միայն քաղաքացիներին ծառայություններ մատուցելու, այլև համայնքի կյանքը ակտիվացնելու և արժեքները ձևավորելու հարցում։

Ինչպես իր հերթին նշեց Եվրախորհրդի ժողովրդավարական կառույցների և կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին, ժողովրդավարությունը տևական գործընթաց է, որի ճանապարհին Եվրախորհրդի որդեգրած ռազմավարության կարևոր բաղադրիչներն են մեր երկրում իրավական դաշտի ուսումնասիրությունը, մարդկային ռեսուրսների կառավարումը և առաջնորդության հմտությունների խթանումը տեղական կառավարման մարմիններում։ Նշենք, որ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ներգրավել մի քանի տասնյակ համայնքներ Հայաստանի բոլոր մարզերից։

Ցուցադրել ավելի
Back to top button