ԿարևորՔաղաքական

«Գազային» խնդիրները ԱԺ- ի ուշադրության կենտրոնում էին նաեւ այսօր

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր ձայների 44 կողմ,   58 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժել է  պատգամավորների մեկ երրորդի նախաձեռնությամբ արտահերթ կարգով քառօրյայի օրակարգ ընդգրկված և նախօրեին քննարկված որոշման նախագիծը, որով ոչ իշխանական խմբակցություններն առաջարկում էին  խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ըստ առաջարկի՝ այն  պետք է ուսումնասիրեր գազամատակարարման ոլորտում 2011 թվականից կուտակված պետական պարտքի և գազի գների ձևավորման գործընթացը: Խմբակցությունները քվեարակել են այնպես, ինչպես հայտարարել էին երեկ որոշման նախագծի քննարկման ժամանակ: ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը դեմ են քվեարկել, արտակոալիցիոն ուժերը ՝ կողմ: Քվեարկությունից հետո պատգամավորները 2 կառույցների գործունեության ծրագրերին են ծանոթացել: Դրանցից երկրորդի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան ծրագրի քննարկման ժամանակ առանցքայինը կրկին եղել է գազի սակագնի թեման:

Մինչև գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քվեարկությունը, խմբակցություններից երեքը  ավելորդ չհամարեցին մեկ անգամ ևս  ընդգծել սեփական դիրքորոշումները: «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը  նախ նկատեց՝ հարցը երկու օր քննարկվեց, բայց հիմնական հարցադրումներն այդպես էլ պատասխան չստացան: «Ցավոք սրտի՝ հիմնական հարցադրումները, թե ինչպես  է գոյացել 300 մլն դոլարին համարժեք պարտքը և ինչեպես է ձևավորվել 380 դոլարին համարժեք սակագինը,  այդպես էլ պատասխան չստացան»։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը մեծամասնությանը բարեկամաբար հորդորեց կողմ քվեարկել այս հարցերն ուսումնասիրմամբ զբաղվող հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Նույն կոչը մեծամասնությանն ուղղեց նաև Հրանտ Բագրատյանը: «Սա հնարավորություն է և ՀՀ կառավարությանը, և բոլոր պատասխանատու մարմիններին ցույց տալ, որ պետք է պետականության նկատմամբ պատշաճ ձևով վարվել»:

«Երկու օր շարունակ անկեղծ ելույթներ էլ  եղան, բայց հիմնականում զազրախոսություններ էին, հանցանքի մեջ մեղադրանքներ: Ավելին՝ ընդդիմությունը հիմա էլ սկսել է մեր փոխարեն մտածել»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ — Մենք գիտենք, թե ինչ ենք անում և  մեր պատասխանատվության տերն ենք: Այն բոլոր հարցադրումներին, որոնք հասարակության մեջ  կառաջանան, մենք պարտավոր ենք պատասխանել: Ես կոչ եմ անում դեմ  քվեարկել»:

44 կողմ,  58 դեմ, 3 ձեռնպահ. քվերակության այս արդյունքով խորհրդարանը մերժեց ժամանակվոր հանձնաժողով ստեղծելու առաջարկն ու անցավ ընդհատված հարցի քննարկմանը: Երեկ Ազգային ժողովը սկսել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2014 թ. տարեկան գործունեության ծրագրի քննարկումը: Հանձնաժողովի նախագահը նշել էր , որ 2013-ին   հակամրցակցային համաձայնություններ իրականացնելու համար 88 սոցիալական հաստատություն եւ 8 տնտեսվարող է պատժվել, մրցակցության ինդեքսի ցուցանիշով Հայաստանը բարելավել է իր դիրքերը:

Քննարկումը, սակայն, ընթացավ ոչ այնքան ծրագրի, որքան հակամենաշնորհային քաղաքականության վերաբերյալ ընդհանրապես: Պատգամավորները հիշեցին նաև Համաշխարհային բանկի  տարեվերջին հրապարակած զեկույցը, ըստ որի՝ հայաստանյան տնտեսության մեջ մեծ  է մենաշնորհների կշիռը, և այդ ցուցանիշը բարձր է տարածաշրջանի եւ ԱՊՀ  երկրների համեմատ: Իսկ   հակամենաշնորհային մարմինը, ըստ ՀԲ փորձագետների,  ավելի կենտրոնացված է գների մոնիթորինգի անցկացման, քան՝ շուկայի ընդհանուր ուսումնասիրության վրա։

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն առիթ ունեցել էր հայտնելու իր անհամաձայնությունը, այսօր խորհրդարանում որոշ հստակեցումներ էլ ավելացրեց: «Մենք այս զեկույցը գնահատում ենք ոչ պրոֆեսիոնալ, գտնում ենք, որ այն պատրաստողները լուրջ չեն վերաբերվել աշխատանքին: 40 կետից բաղկացած դիտողություններ ենք պատրաստել, պաշտոնապես ուղարկել ենք ՀԲ և ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչներին և պատվիրակությունների ղեկավարներին: Առայժմ որևէ մեկնաբանություն չենք ստացել»։

ԱԺ- ն այսօր մի տարեկան ծրագիր էլ քննարկեց: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացնում էր հաջորդ տարվա գործունեության ծրագիրը:  Հիմնական հարցը նույննն էր. ինչու է գազի գինը սպառողի համար կրկնակի ավելի, քան՝ սահմանի վրա:  Հանձնաժողովի նախագահը բացատրեց, որ սակագինը նույնը չէ գազի խոշոր սպառողների և բնակչության համար: Առաջինների դեպքում այն անհամեմատ էժան է, երկրորդի դեպքում՝ ավելի թանկ, որովհետև այս օղակում ծախսերն անհամեմատ ավելի մեծ են: Իսկ Հովհաննես Մարգարյանի հարցին, նշել  մի երկիր, որտեղ բնակչությանը մատակարարվող գազի գինը սահմանին սահմանված գնից գրեթե կրկնակի թանկ է, Ռոբերտ Նազարյանը ոչ թե մեկ այլ մի քանի երկիր նշեց՝ Դանիա, Շվեդիա, Իտալա, Նիդերլանդներ, Լիտվա, Ավստրիա, Գերմանիա, Լատվիա և այլն։

Back to top button