Քաղաքական

ՄՄ հետ կապված պայմանագրերը պետք է դրվեն համաժողովրդական հանրաքվեի, ասում է քաղաքագետը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Փորձը ցույց է տալիս, որ այն երկրները, որոնք որոշում են ընդունում գնալ դեպի Մաքսային միություն կամ դեպի արեւելք, այդտեղ կտրուկ վատանում է մարդու իրավունքների վիճակը: Դրա դասական օրինակն Ուկրաինան է: Այս մասին այսօր նշել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Նա նկատել է, որ այդ երկրում երբեք լայնամասշտաբ բռնություններ չեն եղել լրագրողների նկատմամբ, մինչդեռ վերջին շրջանում հենց պաշտոնական` Ուկրաինայի ոստիկանության տվյալներով, 160 լրագրող է բռնության ենթարկվել: Այսօր խոսելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցերի մասին` վերլուծաբանը շեշտել է, որ Մաքսային Միության հետ կապված պայմանագրերը պետք է անխտիր քննարկվեն խորհրդարանում եւ դրվեն համաժողովրդական հանրաքվեի:

Երկրի համար ճակատագրական հարցերում համաժողովրդական հանրաքվեն սահմանադրական պահանջ է` շեշտեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը:

Հանրաքվեն անհրաժեշտ է, քանի որ այսօր արդեն ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո մենք կունենանք լրջագույն բարդություններ: Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ այդ խնդիրների մասին արդեն բարձրաձայնում է նաեւ կառավարությունը: Առաջին խնդիրը կապված է գների բարձրացման հետ եւ դա խոստովանեցին ֆինանսների նախարարության պատասխանատուները:

«Պետք չէ լինել տնտեսագետ` դա հասկանալու համար: Ապրանքների 80 տոկոսը մենք բերում ենք Եվրոպայից, Թուրքիայից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրաթներից եւ Չինաստանից: ՄՄ-ին անդամակցելուց հետո նրանք բոլորը Հայաստանի համար դառնում են երրորդ երկիր, ուրեմն` բոլոր այդ ապրանքների վրա նվազագույնը 15 տոկոսով գները կբարձրանան»:

Վերլուծաբանը նկատեց, որ մի ժամանակ ասվում էր, թե սուվերենության խնդիր չկա, սակայն այսօր կառավարությունն է խոստովանում, որ ՄՄ մտնելուց հետո ԵՄ-ի հետ առեւտրի, տնտեսական ոլորտի խնդիրները Մաքսային միության միջոցով են բանակցելու: Ավելի պարզ լեզվով` դա հենց նշանակում է սուվերենության կրճատում: Երրորդ լուրջ հանգամանքը, որ առանձնացրեց վերլուծաբանը, կապված է ԼՂ-ի հետ:

«Մենք գնում ենք մի համակարգ, որտեղ երկրների շահերը, այդ թվում` Ղարաբաղի հարցում, չեն համընկնում մեր շահերի հետ»:

Ըստ բանախոսի` այսօր Բելառուսի եւ Ղազախստանի դիրքորոշումներից արդեն իսկ պարզ է, որ Ղարաբաղը հնարավոր չի լինի մտցնել Մաքսային միություն: Ներկայացվածները խնդիրներ են, որոնք պետք է լուծում ստանան հասարակության ներսում եւ խորհրդարանում անխտիր քննարկումներ կազմակերպելով` կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Դիտարկմանը, որ ՄՄ-ին անդամակցության հարցում Հայաստանը շտապողականություն է ցուցաբերում` Ստեփան Գրիգորյանը նախ ասաց, թե իշխանությունների տրամաբանությունը հասկանալի է իր համար: Ըստ նրա` շտապողականությունը պայմանավորված է պարզապես անորոշությամբ` այն բանից հետո, երբ թեկուզ ժամանակավոր սառեցվեց ակտիվությունը ԵՄ-ի հետ: Վերլուծբանը կարծում է, որ իրապես անորոշ վիճակում դժվար է մնալը, քանի որ նման պարագայում բոլոր տեղերից հարվածներ կարող ես ստանալ:

Ստեփան Գրիգորյանի խոսքով, սակայն, գործընթացի արագացման առումով, այնուամենայնիվ, մտածելու խնդիր կա: Մենք պետք է հասկանանք գինը, որը պիտի վճարենք ՄՄ-ին անդամակցությամբ, իսկ այդ գինը նաեւ այն է, որ ամենատարբեր ոլորտներում բազմազանությունը կփոքրանա` եզրափակեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավարը:

Ցուցադրել ավելի
Back to top button