ԿարևորՔաղաքական

«Գազի» ժամանակավոր հանձնաժողովին կոալիցիան դեմ է. առաջարկում է պատասխանները ստանալ ՀԾԿՀ- ից

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր առաջին նիստի ընթացքում խորհրդարանը շարունակեց քննարկել գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գնի ձեւավորման ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը: Նախաձեռնությունը ոչ իշխանական 4 քաղաքական ուժերինն է: Քննարկումը բավականին թեժ էր, որի ընթացքում ընդդիմությունը ինչպես պատրաստակամություն հայտնեց համագործակցել այս հարցում իշխանության հետ, այնպես էլ զգուշացրեց՝ առաջարկի մերժման դեպքում ընդդիմության կոռուցողականությունը կավարտվի:  

«Գազի» ժամանակավոր հանձնաժողով խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, չի ստեղծվի: Համենայնդեպս՝ մեծամասնության անունից հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանն արդեն հայտարարեց. իրենք դեմ են քվեարկելու: Դեմ կքվեարկի նաեւ ՕԵԿ- ը։ Շահագրգռված են հարցը քննարկել, բայց խորհրդարանական լսումների կամ այլ ձեւաչափով, ասաց խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։

«Մի սովորեցրեք, ինչպես աշխատենք»,- հակադարձեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պնդելով հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը: Հանձնաժողովը միակ տարբերակն է` կառավարությունից պատասխաններ պահանջելու համար: 

Որպեսզի չստացվի, թե կոալիցիոն ուժերը ընդհանրապես դեմ են «գազային» հարցերը քննարկելուն, հանրապետականից ստացվեց առաջարկ. ժամանակավոր հանձնաժողովի փոխարեն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: Այս տարբերակին դեմ է ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի հիմնական զեկուցող ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ 

Եթե գազի ոլորտում ամեն ինչ օրինական է արվել, ապա կոալիցիան պետք է համաձայնվի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, իսկ եթե առաջարկը մերժվի, ապա կառուցողականությունը կավարտվի եւ հասարակությունը իրեն հետաքրքրող հարցերը կստանան դրսում` հրապարակներում, սպառնացին ընդդիմադիր պատգամավորները։

Back to top button