ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրել-չտրամադրելու որոշումը կկայցվի 1-ից 3 ամիսների ընթացքում

Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքն արդեն դիմում է ներկայացրել Հայաստանի տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալությանը՝ իրենց քաղաքական ապաստան տրամադրելու խնդրով: Այս մասին  հայտնել է Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը ու նշել, որ գործընթացն արդեն սկսված է, բայց ինքը տվյալներ չի կարող հաղորդել, քանի որ այդ ամենը համարվում է խորհրդապահական:

Գագիկ Եգանյանը տեղեկացրել է նաև, որ ցանկացած պարագայում վարչական վարույթ է հարուցվում, եւ որեւէ անձի՝ քաղաքական ապաստան տրամադրել, չտրամադրելու հարցը, «Վարչարարության օրենքի» համաձայն, կարող է տեւել 1-3 ամիս ՝կախված գործընթացներից:

Հիշեցնենք, որ հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ հունվարի 29-ին դիմել  է Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջեւը` իր, կնոջ եւ երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը  հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջեւը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ` Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոեւայի, հետ ամուսնանալուց հետո:

Չդիմանալով անմարդկային կեղեքումներին, Ջավիդ Օրուջեւը պարտադրված համաձայնվել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, եւ կնոջ` արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ  հայթայթել Հայաստանի եւ Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր եւ ընտանիքի սպառնալից իրավիճակը, Օրուջեւը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել  եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժեղացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով նման անելանելի իրավիճակում եւ, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջեւը  որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխանություններից:

Back to top button