Հասարակություն

Փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին կտոնի Տեառնընդառաջը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 14-ին Հայ առաքելական եկեղեցին կտոնի Տեառնընդառաջը: Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցիներում վառված մոմերից հավատացյալները ճրագ են տանում տուն: Իսկ փետրվարի 14-ի առավոտյան մատուցվում է Սուրբ և անմահ պատարագ, հավատ որի էլ կատարվում է նորապսակների օրհնության կարգ:

Տեառնընդառաջը ժողովուրդը հաճախ անվանում է «Տրնդեզ» և սովորության համաձայն ` փետրվարի 13-ի երեկոյան` ժամերգությունից հետո, ինչպես եկեղեցիների բակերում, այնպես էլ յուրաքանչյուր հավատացյալ իր տան բակում եկեղեցուց բերված ճրագով վառում է խարույկը: Այն, որ խարույկավառությունը հեթանոսական ժամանակներից է հասել մեզ և նշանակում է կրակի հանդեպ պաշտամունք, Սուրբ Գրիգոր Լուսավորչրի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը սխալ է համարում:

«Խարույկ վառելու ժամանակ մենք մեր պաշտամունքը չէ, որ արտահայտում ենք խարույկի նկատմամբ, այլ խարույկի լույսի և ջերմության միջոցով հաղորդակից ենք դառնում Քրիստոսի լույսին և ջերմությանը»:

Տեառնընդառաջը քառասնօրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է: Երբ Քրիստոս դառնում է 40 օրական, նրա ծնողները փոքրիկին տանում են ընծայելու տաճարին:

Հոգևորականի խոսքով` Ավետարանական այս իրականության հիմքի վրա էլ առաքելական եկեղեցին նշում է տոնը: Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և նորաստեղծ «Հավատամք» հոգևոր կենտրոնի նախաձեռնությամբ նախատեսվել է Տեառնընդառաջի տոնին նվիրված « Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» միջոցառումների շարք:

Տասնօրյա միջոցառումների շրջանակներում վաղը Գրիգոր Նարեկացի հոգևոր կենտրոնում տեղի կունենա «Հավատամք» հոգևոր կենտրոնի բացման արարողությունը և havatamq.am կայքի շնորհանդեսը: Մոսկվա կինոթատրևունում կցուցադրվի Սանկտ Պետերբուգում մրցանակի արժանացած «Հավատամք» հոգևոր կենտրոնի Երուսաղեմում նկարահանված «Նորից այնտեղ` մեր տուն» ֆիլմը:

Ծրագրի շրջանակներում այցելություններ կլինեն ծերանոցներ, մանկատներ և տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին: Փետրվարի 13- ը մեր երիտասարդության շրջանում ակտիվորեն նշվում է նաև կաթոլիկ եկեղեցու տոներից Վալենտինը, սակայն վերջին տարիներին տոնի վերաբերյալ հետաքրքրությունը կարծես թե նահանջել է: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը երևույթը համարում է եկեղեցու քարոզչության արդյունք:

«Որքան որ հոգևոր գիտելիքը առավելագույնս է փոխանցվում հայ մարդուն, այնքան իր կյանքից, իր կենսագործունեությունից, իր տոների շարքից դուրս են գալիս ներմուծված որոշակի ոչ հոգևոր և ոչ ազգային տոներ և գաղափարախոսություններ»:

Ակտիվ քարոզչության արդյունքում ոչ միայն Վալենտինը, այլ նաև ոչ ցանկալի կրոնական ուղղություններ դուրս մղվեցին մեր իրականությունից, ասում է հոգևոր հովիվը: Իսկ միջոցառման մասնակից երգչուհի Ալլա Լևոնյանի կարծիքով` նման միջոցառումներն են օգնում և քարոզում հասարակությանը հեռու մնալ կրոնական տարբեր ուղղություններից:

Ցուցադրել ավելի
Back to top button