ԿարևորՔաղաքական

Մեկնարկեց գարնանային նստաշրջանը. ՀՀԿ- ն ձեւավորում է Հաշվիչ հանձնաժովը, ընդդիմությունը՝ հրաժարվում մասնակցել

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հինգերորդ գումարման ԱԺ գարնանային նստաշրջանի աշխատանքներն այսօր մեկնարկեցին 113 պատգամավորի մասնակցությամբ: Խորհրդարանը նախ մեկ րոպե լռությամբ հարգեց ադրբեջանցի դիվերասանտների գործողությունների արդյունքում զոհված Արմեն Հովհաննիսյանի հիշատակը: Հենց սկզբից խորհրդարանի աշխատանքը, կարելի է ասել, չստացվեց: Արդյունքում` խախտվեց կանոնակագը եւ ԱԺ- ն առանց հաշվիչ հանձնաժողով ձեւավորելու անցավ հարցերի քննարկման:

Քաղաքական ուժերն այսօր չկարողացան խորհրդարանում համաձայնության գալ եւ այդպես էլ չձեւավորեցին Հաշվիչ հանձնաժողով, ինչը պահանջում է ԱԺ կանոնակարգը: Նույնիսկ հայտարարված 20 րոպե ընդմիջումը եւ խմբակցությունների ղեկավարների խորհրդակցությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ չօգնեց լուծել առաջացած խնդիրը: Իսկ խնդիրը հետեւյալն է. խորհրդարանի մեծամասնությունն առաջարկում է Հաշվիչ հանձնաժողովի կազմը նախկին 7 պատգամավորի փոխարեն հասցնել 11-ի եւ տեղերի մեծամասնությունը տրամադրել հանրապետականներին։

Հասկանալու համար, թե ինչ նշանակություն ունի այդ հանձնաժողովի աշխատանքը, կարելի է հիշել միայն «գազային» պայմանագրրերտ քվեարկությունը, երբ Զարուհի Փոստանջյանը հավաքել էր պատգամավորների քվեարկության քարտերը եւ Հաշվիչ հանձնաժողովի նախագահն ստիպված էր հատ առ հատ հաշվել քվեարկողներին։

Տարատեսակ հայտարարություններից հետո խորհրդարանը, սակայն, ընդունեց Հաշվիչ հանձնաժողովի կազմը ընդլայնելու եւ մեծամասնությունը հանրապետականին տրամադրելու առաջարկը: ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ դաշնակցությունն արդեն հայտարարել են, որ հրաժարվում են այդ հանձնաժողովում իրենց հասանելի մեկական տեղերից: Այս կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտատարեց, որ «դավադիր վերաբերմունք է դրսեւորվում ԱԺ հանդեպ», բայց այդ պայմաններում էլ հանձնաժողովը կարող է նորմալ աշխատել, քանի որ քաղաքական մեծամասնությունը պատասխանատու է ամեն ինչի համար:

Ինչ վերաբերում է ձեւավորված օրակարգին, ապա պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ ներկայացվել է ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ: Մեկ այլ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում էլ, որը պետք է ուսումնասիրեր «Նաիրիտի» հետ կապված խնդիրները, հետաձգվեց մինչեւ 1 տարի ժամկետով:

Ինչ վերաբերում է խմբակցությունների ներսում վերադասավորումներին, ապա այսօր «Ժառանգություն» խմբակցության կազմում կրկին տեղի ունեցավ փոփոխություն: Խմբակցության ղեկավարը Ռուբեն Հակոբյանն է, իսկ քարտուղարը՝ Թեւան Պողոսյանը, ով մանդատից հրաժարվելու իր դիմումը հետ է վերցրել։

Ցուցադրել ավելի
Back to top button