Հասարակություն

Հայ-հնդկական գործարար համաժողով՝ Երեւանում. հնդկական արտադրության դեղերից հայ հիվանդները դժգոհ են

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանում Հնդկաստանի հանրապետության Դեսպանության նախաձեռնությամբ ու Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ Երևանում այսօր դեղագործությանը նվիրված հայ-հնդկական գործարար համաժողով է բացվել, որին մասնակցել են հնդկական շուրջ 30 ընկերություն: «Հայաստանին հետաքրքրում են հնդական արտադրության միջազգային որակի սարքավորումներն ու հումքը»,-հայտարարել է Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

 

Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանն էլ տեղեկացրել է, որ հիմնական նպատակը դեղագործության ոլորտում հայ-հնդկական համատեղ ձեռնարկությունների ստեղծումն է: Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանում դիաբետիկները հնդկական արտադրության դեղերի որակից սկսել են դժգոհել: Առողջապահության նախարարը, սակայն, օրերս վստահեցրել էր, որ իրենք լավագույն դեղերն են գնում մեր երկրի քաղաքացիների համար: Հիվանդները շարունակում են պնդել, որ դեղերն իրենց ոչ միայն օգուտ չեն տալիս, այլ վնասում են:
«Արդյո՞ք նպատակահարմար է Հնդկաստանի հետ շարունակել համագործակցությունը դեղագործության ոլորտում, թե՞ ոչ»

Համագործակցության նոր եզրեր Հնդկաստանի Հանրապետության հետ: Հնդիկ գործարարները հետաքրքրված են Հայաստանով ու Հայաստանում աշխատելու հեռանկարով: Այսօր մեկնարկած հայ-հնդկական գործարար համաժողովին մասնակցում էին դեղագործության ոլորտի ներկայացուցիչները: Փորձագետները միաբերան պնդում են՝ Հնդակստանն աշխարհին հայտնի է իր դեղարտադրությամբ: Մեր երկրում սակայն, հատկապես նրանք ովքեր պետպատվերի շրջանակներում օգտագործել են հնդկական արտարության «Դիազոն»-ը «Դիաբետոն MR»-ի փոխարեն, վստահեցում են, որ հնդկական արտադրության այս դեղը ոչ միայն օգուտ չի տալիս, այլ՝ հակառակը վնասում է:

Խնդրին օրերս նաև առողջապահության նախարարն անդրադարձավ, վստահեցրեց, որ իրենք լավագույնն են ընտրում մեր երկրի հիվանդ քաղաքացիների համար: Դժգոհությունները դրանից, սակայն, չնվազեցին, արդյունքում հիվանդների մի մասը պարզապես հրաժարվեց պետպատվերի շրջանակներում իրեն հատկացվող դեղերից: Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք, որպես մասնագետ որևէ ուսումնասիրություն կատարել են ու եթե իսկապես դեղերը դրական ազդեցություն չեն գործում, արդյո՞ք նպատակահարմար է շարունակել համագործակցությունը Հնդկաստանի հետ դեղագործության ոլորտում.«Ես անձամբ չեմ ուսումնասիրել, բայց այդ հարցը բարձրացրել եմ, դրա համար էլ ապրիլին մեկնելու եմ Հնդակստան: Մենք որոշակի դժգոհություններ լսում ենք, հասկանում ենք, որ կարող են տարբերություններ լինել: Հարցեր կան, այնպես չէ, որ ամեն ինչ պարզ է, և երկինքը կապույտ է: Մեր դիրքորոշումը կոշտ է, որովհետև մենք ուզում ենք, որ Հայաստան լավագույնը մտնի»:

Թե կոնկերտ ի՞նչ հարցեր կան ու թե ինչու՞ երկինքը կապույտ չէ, Սամվել Զաքարյանը չմենկաբանեց, փոխարենը մասնագետի ու դիաբետիկի աչքերով վստահեցրեց, որ հիվանդությունն առանձնահատկություններ իսկապես ունի.«Տարբեր մարդկանց վրա տարբեր ձև է ազդում, մի դեղը մյուսով փոխարինելու ժամանակ հնարավոր է, որ օրգանիզմն արդեն սովորած լինի, մյուսը չընդունի»:

«Հայաստանին հետաքրքում են հնդկական արտադրության միջազգային որակի սարքավորումներն ու հումքը»,- ասում է Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միության նախագահը: Հայկական զարգացման գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանն էլ տեղեկացնում է, որ հիմնական նպատակը դեղագործության ոլորտում հայ-հնդկական համատեղ ձեռնարկությունների ստեղծումն է: «Հիմնականում աշխատատեղեր կստեղծվեն: Մեր հնդկացի գործընկերները փորձում են ուսումնասիրել շուկան, կարգավորող դաշտը»:

Ցուցադրել ավելի
Back to top button