Միջազգային

Իրատեսության սահմաններում «Ժնեւ 2» համաժողովի առավելագույն ակնկալիքներն իրականացել են

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Անդրադառնալով Սիրիայի շուրջ իրադարձություններին եւ ամփոփելով «Ժնեւ 2» համաժողովի արդյունքները` արաբագետ Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ համաժողովի մասնակիցների հայտարարությունը` փետրվարի 10-ին բանակցությունները շարունակելու վերաբերյալ, խոսում է այն մասին, որ իրատեսության սահմաններում համաժողովի առավելագույն ակնկալիքներն իրականացել են: Բանակցությունների պատրաստակամությունը Ժնեւում վերահաստատվեց, սակայն խնդիրների լուծման հստակ քայլեր ու միջոցներ չառաջարկվեցին` խնդրի առնչությամբ նկատել է քաղաքագետ Արամ Մանուկյանը:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ «Ժնեւ 2»-ի առավելագույն արդյունքը կարող էր լինել ինչ-որ ամփոփիչ հայտարարության ընդունում` ինչ-ինչ պայմանավորվածությունների կամ համաձայնությունների մասին: Թեպետ նման բան տեղի չունեցավ, սակայն, ըստ արաբագետի, մեկնարկեց բանակցությունների գործընթաց, ինչը, փաստորեն, համարվում է լավագույն արդյունք: Մանավանդ` Սիրիական հակամարտությունն արդեն երեք տարի շարունակվում է, եւ կարգավորումն էլ բավականին բարդ գործընթաց է:

«Ինչու որոշակի ձեռքբերում, արդուամենայնիվ, չարձանագրվեց: Մի պատճառով` կողմերը մինչեւ վերջ մնացին սեփական կարծր դիրքորոշմանը եւ որեւէ փոխզիջման պատրաստակամություն չհայտնեցին»:

Ամեն դեպքում, ըստ բանախոսի, բոլոր ուժերն էլ հասկանում են, որ Սիրիայի ժողովուրդը կանգնած է լրջագույն հումանիտար ճգնաժամի առջեւ: Բացի այդ` բոլորը պետք է հասկանան, որ Սիրիայի տարածքում գոյություն ունի երրորդ ուժ` միջազգային ահաբեկչությունը` մահմեդական ծայրահեղ-արմատական կազմակերպությունները: Սա չարձանագրելն ու դրա դեմ պայքարի լուրջ միջոցների մասին չբանակցելը սիրիական որեւէ լուրջ քաղաքական ուժի համար մեծ բացթողում եւ պարտություն կլինի: Հենց այս ամենի առկայությամբ սիրիական ընդդիմությունը, փաստորեն, Ժնեւում արված առաջարկներին ի պատասխան համաձայնության չեկավ կամ հայտարարություն չարեց: Արաբագետը կարծում է, որ այդ առումով էլ սիրիական իշխանական պատվիրակությունն առավելություն ունի բանակցություններում, իսկ ընդդիմությունը, փաստորեն, թուլացրեց իր դիրքերը:

«Իր պահանջի առավելագույն նշաձողը պահելով` Բաշար ալ-Ասադի հրաժարականը»:

Մինչդեռ, արաբագետը, նկատեց, որ ակնհայտ է մի բան եւ դա հասկանում են բոլորը` Ասադի հրաժարականով Սիրիայում ոչ միայն ճգնաժամը չի հաղթահարվի, ոչ միայն միջազգային ահաբեկչության դեմ պայքարն այս երկրում հաջողություն չի ուեննա, այլեւ` չեն լուծվի այսօր առկա ամեմնատարրական խնդիրները: Քաղաքագետ Արամ Մանուկյանն իր հերթին նկատեց, որ «Ժնեւ 2»-ում ներկայացված էին գրեթե բոլոր կողմերը եւ այդ ձեւաչափը կարող է նախադեպ դառնալ այսօրինակ այլ կոնֆլիկտների լուծման համար: Նրա խոսքով, սակայն, «Ժնեւ 2»-ում ի սկզբանե բավարար նախադրյալներ չկային` լավ արդյունքներ գրանցելու համար.

«Դա պայմանավորված էր մի կողմից նրանով, որ կողմերը պատրաստ չէին փոխզիջումների գնալու, մյուս կողմից` ընդդիմությունն ամբողջությամբ ներկայացված չէր»:

Այս մասին խոսեց նաեւ ՌԴ արտգործնախարարը: Նա կարեւորեց ընդդիմադիր ամբողջ զանգվածի ներկայացվածությունը, որպեսզի հավանական համաձայնությունների ձեռբերման դեպքում հնարավոր լինի դրանք ամբողջությամբ իրականացնելը: Քաղաքագետը նկատեց, որ բանակցություններում կարեւոր տեղ կարող էր ունենալ նաեւ Իրանը, որն անմիջական մասնակցություն է ունեցել Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն, Ժնեւից բացակայում էր: Առանց այդ ներգրավվածության, քաղաքագետի համոզմամբ, բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները չափազանց բարդ կլինեն: Ամեն դեպքում` քաղաքագետը բանակցային սեղանի շուրջ նստելու կողմերի պատրաստակամությունը դրական է գնահատում: Միաժամանակ, նա նկատեց, որ «Ժնեւ 2»-ում խնդիրների լուծման հստակ միջոցներ եւ քայլեր այդպես էլ չառաջարկվեցին: Ամեն դեպքում, քաղաքագետը կարծում է, որ փետրվարի 10-ին նախատեսված բանակցությունների փուլում կարելի է ակնկալել որոշակի համաձայնությունների ձեռքբերում:

Ցուցադրել ավելի
Back to top button