Մշակույթ

Երկու գիրք՝ Ռուբեն Գևորգյանցից.դրանցից մեկը նվիրված է մեծ գեղագետին՝ Փարաջանովին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում վերջերս տեղի ունեցավ կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի երկու գրքերի և ֆիլմերի սկավառակի շնորհանդեսը: «Փարաջանով. Կոլաժ երկուսի համար» գրքում ռեժիսորի հուշերն են մեծ գեղագետի մասին: Երկրորդ գիրքը՝ «Ժամանակ չկա», Ռուբեն Գևորգյանցի բանաստեղծությունների ժողովածուն է: Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հայացքը նրան շրջապատող իրականությանը գրողի տեսանկյունից:

Փարաջանովին նվիրված գրքի գաղափարը ծնվեց տարիներ առաջ, երբ Ռուբեն Գևորգյանցը ֆրանսիական կողմի հետ համատեղ նկարահանում էր «Փարաջանով. վերջին կոլաժ» ֆիլմը: Սցենարը գրելու ընթացքում գտնվում էր Ֆրանսիայում և օրերից մի օր տեղական ռադիոյի եթերում լսում է ռեժիսոր Յոսիլիանիի ելույթը, որտեղ նա ասում էր.«Սերգեյ Փարաջանովն ազգությամբ հայ չէ և որևէ կապ չունի հայերի հետ: Հայերը, փաստորեն, իր արխիվով հանդերձ նրան գողացան, հետո Փարաջանովը մահացավ ու թաղեցին նրան Հայաստանում՝ ՊԱԿ-ի աշխատող Արամ Խաչատուրյանի կողքին: Այդ ժամանակ ցանկություն առաջացավ անպայման պատասխանել Յոսիլիանիին, բայց չստացվեց»,-պատմում է ռեժիսորը:

«Ուղիղ մեկ տարի առաջ Երևանում ընկերներիս հետ զրուցում էինք սրճարանում: Ես ինչ-որ դրվագներ էի պատմում Փարաջանովի հետ իմ հանդիպումներից: «Դե բավական է պատմես, դու նստի՛ր ու գրի, ինչ որ պատմում ես»,-ասաց Դավիթ Մուրադյանը: Դա էլ հենց եղավ շարժառիթը: Հենց հաջորդ օրը ես նստեցի ու սկսեցի գրել՝ իմ առջև հստակ պահանջ դնելով՝ ամեն օր գրել առնվազն մեկ էջ: Հանեցի իմ բոլոր 14 նոթատետրերը, որտեղ տարիների ընթացքում փոքրիկ գրառումներ էի արել, առանձնացրեցի այն ամենն, ինչ առնչվում էր Սերգեյ Փարաջանովին: Պարզվեց, որ բավականին հետաքրքրիր նյութ կա կուտակված, որովհետև նրա հետ շատ հանդիպումներ էի ունեցել:

Գրքում պատմությունը սկսվում է այն լուրից, որը ստացել էր Գևորգյանցը 1978 թվականին: «Ցուրտ ձմեռ էր, առավոտյան ժամը 7-ին ինձ զանգահարում է անծանոթ մի ձայն ու հայտնում, որ Սերգեյ Փարաջանովին ազատել են բանտից և հունվարի այս ինչ օրը լինելու է Թբիլիսիում: Ես ապշել էի, դա ռումբի պայթյունի նման մի բան էր»,-պատոմւմ է Գևորգյանցը: Նրա բնորոշմամաբ գիրքը գրական գործ չէ, այն պարզապես հիշողությունների ժողովածու է, բայց՝ ինչո՞վ է այն առանձնահատուկ. գիրքս Փարաջանովի մասին է, բայց ոչ միայն Փարաջանովի, նաև այն մթնոլորտի, որտեղ մենք ապրում էինք և նայում էինք Փարաջանովի ֆիլմերը: Գիրքն ավելի շուտ այդ իրականության մասին է:

Ռուբեն Գևորգյանցի վերջերս լույս տեսած երկրորդ գիրքը՝ «Ժամանակ չկա», բանաստեղծությունների ժողովածու է, իր տեսակի մեջ արդեն երրորդ ժողովածուն՝ «Անձրևների ժամանակը» և «Արդարացման ժամանակը» ժողովածուներից հետո: Իսկ ինչո՞ւ հենց այդպես՝ ժամանակ չկա…
«Որովհետև իսկապես ժամանակ չի մնացել, պոեզիայի համար ժամանակն ավարտված է: Պոեզիան գալիս է սիրո հետ միասին, սերը դեպի կինը: Հիմա ևս ինչ որ տողեր են գալիս, բայց արդեն չեմ ուզում գրել, իմաստ չունի գրելը: Պետք է ասեմ, որ սա տխուր գիրք է, որովհետև մի տեսակ ամփոփման իմաստ ունի»:

Ընդունված է առանձնացնել հայ կնոջը, ինչ-որ որակներ վերագրել նրան: Ինչպիսի՞ն է հայ կինն այս գքում և կինոռեժիսոր-գրող Ռուբեն Գևորգյանցի պատկերացումներում ընդհանրապես: Զրուցակիցս դժվարանում է ասել՝ այս գրքում կա նման շեշտադրում թե՝ ոչ, բայց հայ կինն, ըստ նրա, իսկապես ունի իր առանձնահատկությունը:

«Ես և տղաս այժմ ֆիլմ ենք նկարում, այն կոչվում է «Կանանց մոլորակը», միայն կանանց մասին է, ոչ մի տղամարդ չկա այնտեղ: Կինն իրականում բոլորովին ուրիշ մոլորակ է, որի հետ տղամարդը ոչ մի կապ չունի, չնայած նրան թվում է, որ ինքը գրավել է այդ մոլորակը: Դա խաբկանք է, կինն ու տղամարդը երբեք միմյանց չեն հասկանա, որովհետև այն ինչ տղամարդու մեջ ավարտվում է, կնոջ մեջ միայն սկսվում է: Այն, ինչ հանուն սիրո կարող է անել կինը, տղամարդը երբեք չի անի»:

Արվեստագետն այժմ աշխատում է ֆիլմի սցենարի վրա, որի առանցքային կերպարներից մեկն ազատամարտիկ է, ապրում է մեկ սենյականոց բնակարանում, որի «շքեղությունն» ապահովում են անհիշելի ժամանակներից պահպանված երկաթե մահճակալն ու հնամաշ սեղանը: «Նա ոչինչ չունի, բայց չի ընկճվում, շարունակում է սիրել կյանքն ու ամենակարևորը՝ չի շտապում հեռանալ…»:

Գևորգյանցի խոսքով հեռանալն այսօր մի տեսակ հիվանդություն է դարձել, մի քանիսը հեռանում են, իսկ մյուսները մտածում՝ մենք ինչու ենք մնացել: Հիշում է Սոս Սարգսյանի խոսքերը.«Հայի համար էս երկիրը փոքր է, հայն ուզում է օվկիանոսի ալիք տեսնել, ծով տեսնել, անապատ տեսնել: Նա դրսում իրեն ավելի լավ է իրացնում, քան այստեղ՝ Հայաստանում»:

Ցուցադրել ավելի
Back to top button