Հասարակություն

Արզնին Հայաստանի խոշոր ու բազմազգ համայնքներից է

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Կոտայքի մարզի Արզնի գյուղը մեր հանրապետության ամենախոշոր և հայտնի համայնքներից է։ 185 տարի առաջ հիմնված գյուղը նախկինում կոչվել է Արծնի, Սարջալա: Այստեղ բնակվում է 2703 մարդ։ Այստեղ բնակվում են հայեր, ասորիներ, եզդիներ, ռուսներ: Արդեն 22 տարի համայնքի ղեկավարն է Վենիամին Վենիամինովը, սկզբից որպես գյուղխորհրդի նախագահ, այնուհետև որպես գյուղապետ:

«Գյուղն ունի  միջնակարգ դպրոց, որտեղ ուսումը իրականացվում է հայերեն և ռուսերեն լեզուներով, անցկացվում են նաև ասորերենի դասաժամեր»,- «Ռադիոլուրին» ասում է գյուղապետը։

Այստեղ գործում է նաև մանկապարտեզ: Կրթական օջախները ունեն բոլոր կոմունալ համարությունները, ջեռուցվում են: Բացի մատաղ սերնդի կրթության խնդրից՝ այստեղ լուծում են ստանում համայնքի փողոցների գիշերային լուսավորման, ասֆալտապատման և ջրամատակարարման հարցերը: Առաջնահերթ խնդիրներից գյուղապետը նշեց Մշակույթի տան պակասը:

Նախկինում Արզնին հայտնի էր որպես առողջարանային գոտի, որտեղ գործում էին 5 առողջարաններ: Գյուղն ունի նաև իր ամբուլատորիան: Բացի առողջականից՝ տեղացիների մի մասը  այստեղ լուծում է նաև զբաղվածության խնդիրը:

Արզնիում կան մի քանի խոշոր վերամշակող ձեռնարկություններ, ինչը նույնպես գյուղացիներին ապահովում է աշխատատեղերով: Սրանով հանդերձ արզնեցիները զբաղվում են նաեւ գյուղատնտեսությամբ։

Բացի հանապազորյա հացից՝ Արզնիում բնակվող ասորիները չեն մոռանում իրենց ազգային ակունքները: Ըստ Վենիամին Վենիամինովի՝  համայնքում առկա խնդիրները աստիճանաբար ստանում են իրենց լուծումը: «Մոսկվան միանգամից չի կառուցվել»,-  հիշեցրեց «Ռադիոլուրի» զրուցակիցը։

Վերջին 5 տարիներին Արզնիից արտագաղթը վերացել է, սակայն ինչպես ցանկացած համայնքում, արտագնա աշխատանքի մեկնողներ այստեղ էլ կան։

Ցուցադրել ավելի
Back to top button