ԿարևորՀասարակություն

Վիրահայության կրթության խնդիրները Հայաստանի եւ Վրաստանի պատկան մարմինները փորձում են համատեղ լուծել

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Այսօր Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչները Թբիլիսիիում հանդիպել են Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հիշեցնենք, պաշտոնական այցով Վրաստանում գտնվող նախարարը մինչ այդ հանդիպել էր Վրաստանի նախագահի, ԿԳ նախարարի հետ, այցելել Վրաստանի առաջատար մի շարք համալսարաններ, ինչպես նաև Հավլաբարի սուրբ Էջմիածին եկեղեցի ու «Հայարտուն» կենտրոն: Արմեն Աշոտյանը իր հանդիպումներում մի շարք հրատապ հարցեր է առաջ քաշել, որոնք վերաբերում են հիմնականում վիրահայերի կրթությանը:

Արմեն Բեդոսյանը Նինոծմինդայի փոքր Խանչալի գյուղի հանրային դպրոցի վրացերեն լեզվի ուսուցիչն է: Գյուղի երեխաներին երկրի պետական լեզուն է ուսուցանում ու գոհ է արդյունքներից. ասում է, որ իրենց գյուղում վրացերենի մակարդակը բավարար  է: Օրերս երբ իմացավ, որ մասնակցելու է Թբիլիսիիում Հայաստանի ԿԳ նախարարի հետ  հանդիպմանը, գյուղացիները մի շարք հարցեր գրեցին, որ տեղ հասցնի։ «Օրինակ՝ վրացերենից հայերեն թարգմանված գրքերը  շատ ցածր մակարդակի են»: Վրացերենի ուսուցիչը գյուղի միակ դպրոցում միայն վարցերենի դասեր չի տալիս. հաճախ ուսուցիչներն  ընդհատում են նրա դասը, որպեսզի վրացերեն դասագրքից փորձի հասկանալ, թե  ինչ կարող է  նշանակել հայերենում արված  թարգմանությունը:

Ի դեպ՝ նախարարն այս հարցին անդրադարձել է իր գործընկերոջ` Վրաստանի ԿԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ՝ առաջարկելով մինչեւ տպագրությունը հայկական կողմը խմբագրի վրացերենից հայերեն թարգմանված դասագրքերը: Թամար Սանիկիձեն «Ռադիոլուրին» ասաց, որ թարգմանված դասագրքերի խմբագրման աշխատանքներին ընդգրկելով նաև հայկական կողմին,  կունենան ավելի որակյալ դասագրքեր:

Ախալցխայի թիվ 3 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Մինասյանը, ստացավ իր հարցի պատասխանը: Հայաստանից ստացվող դասագրքերի հարցը եւս նախարարների բանկացությունների օրակարգում է։ Նախարար Աշոտյանը նշում է, որ տեղյակ է վիրահայերի կրթությանը վերաբերող հիմնախնդիրներին: Այսօր վիրահայ ընտանիքը երկընտրանքի առջև է կանգնած`  երեխային հայկակա՞ն, ռուսակա՞ն, թե՞ վրացական դպրոց տանի: «Հայկական դպրոցները  գրավիչ դարձնելու համար պետք է բարձրացնենք  կրթության որակը»,- ասում է։

Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունը Վրաստանի տարածքում կվերսկսի  հայ ուսուցիչների վերապատարստման դասընթացները: Բացի այդ՝ նախարարն առաջարկում է, որ  հայերենն ընդգրկվի քննական առարակաների ցանկում:  «Սա ավելի արդյունավետ կդարձնի հայերենի դասավանդումը»:  Նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ վրաց գործընկերները ըմբռնումով են մոտենում բարձրացրած հարցերին ու կարևորում են դրանք:  «Մենք չենք ուզում, որ սա դիտվի միջամտության փորձ և թույլ չենք տա, որ մեր համատեղ աշխատանքի վրա որևէ քաղաքական ստվեր ընկնի։ Կրթության համակարգը քաղաքականությունից դուրս պետք է լինի։ Հատկապես Վրաստանում հայերի կրթությանը վերաբերող հարցը ցավոտ ու զգայուն   թեմա է, խնդիրները, եթե հեշտ լուծվող լինեին, ապա չէին կուտակվի»:

Հայաստանի ԿԳ նախարարը, սակայն, վստահ է, որ  վրաց գործընկերների հետ կարելի է կայուն քայլերով  թեթևացնել խնդիրների բեռը ու լուծում տալ դրանց, մանավանդ որ, ինչպես նշում է, « նման  լավատեսության հիմք են տալիս նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի  նախընտրական խոստումները, որոնք վերաբերում են վիրահայ համայնքի կրթական խնդիրներին»:

Ցուցադրել ավելի
Back to top button