ԿարևորՀասարակություն

Պարզաբանումներ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի որոշ կետերի կասեցման մասին

Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակների մասին որոշ կետերի կասեցումից հետո ի՞նչ գործընթացներ կան պարտադիր և կամավոր կուտակային համակարգերում, ինչպե՞ս են դրանք գործելու մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշումը։ «Ռադիոլուրը» պարզաբանումների համար դիմել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կորյուն Սարգսյանին եւ «Կապիտալ Ասեթ մենեջմենթ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանին։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/02/010214shake.mp3

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Կորյուն Սարգսյանի խոսքով՝ կուտակային համակարգի ներդրման գործընթացը, իհարկե, շարունակվում է, որովհետև, ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը կասեցրել է օրենքի միայն մեկ հոդված, ևս մեկ հոդվածի մեկ դրույթ:

Դրանցից առաջինով` ազատել է գործատուներին և աշխատող քաղաքացիներին պարտադիր կուտակային վճարներ չկատարելու դեպքում համապատասխան տույժերից, երկրորդով` մինչև հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդ ընտրելու պարտավորությունից: «Այնպես որ՝  մնացած բոլոր մասերով օրենքը գործողության մեջ է, հետևաբար՝ մեր աշխատանքները նույն կերպ շարունակվում են։ Իրազեկումը ոչ մի կողմով չի թուլացել»,- ասում է Կորյուն Սարգսյանը։

Իհարկե՝ կան մարդիկ, ովքեր նաև այս պահին ընտրում են ֆոնդ և կառավարիչ, թեպետ հստակ թվեր, թե քանի մարդ է ընտրել մինչ օրս, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տնօրենը դժվարացավ ասել։ «Դա, թերևս, կարելի է ճշտել Կենտրոնական բանկից, բայց ես, հաշվի առնելով քարտ կարդացող սարքեր ձեռք բերողների ակտիվությունը, կարող եմ եզրակացնել, որ, այո, մարդիկ կատարում են իրենց ընտրությունը: Եթե երեք ամիս առաջ չկար այդ հոսքը, ապա այսօր քաղաքացիների թիվը բավականին մեծացել է։ Բարեբախտաբար՝ մեծ հերթեր չեն գոյանում, բայց հաճախելկությունը մեծացել է, մենք էլ համապատասխանաբար շարունակում ենք մեր աշխատանքը»։

Ինչ վերաբերում է իրազեկման աշխատանքներին, ապա կենտրոնն իր գործունեությունն այս ուղղությամբ ևս շարունակում է, սակայն բնական է նաև, որ թե կենտրոնը, թե մյուս լիազոր մարմինները սպասում են Սահամանադրական դատարանի վերջնական որոշմանը: «Կան վերջին որոշման հետ կապված բավականին շատ հարցեր։ Ցավոք սրտի՝ նկատվում են նաև բազմաթիվ տարընթերցումներ, որոնք անհասկանալի վիճակ են ստեղծել: Հուսով ենք, որ այդ բոլոր հարցերին նույնպես կտրվեն հստակ պատասխաններ, և պարզ կլինի, թե ինչպես պետք է շարունակել գործունեությունն այս օրենքի ներքո»:

Ցուցադրել ավելի
Back to top button