Հասարակություն

Քաղաքացիական նոր շարժում՝ ընդդեմ ապօրինի շինությունների

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ձևավորվել է քաղաքացիական նոր շարժում՝ ընդդեմ ապօրինի շինությունների: Շարժման մասնակիցներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով իրենց նպատակներն ու առաջիկա անելիքները: Մայրաքաղաքի, այսպես ասած, թեժ կետերի ամենաակտիվ բնակիչներին ու քաղաքացիական մի քանի նախաձեռնություններ միավորող շարժման ներկայացուցիչներն այսօր նշել են, որ իրենց պայքարի նպատակը մեկն է՝ որպեսզի մեր երկրում հարգվեն մարդկանց իրավունքներն ու օրենքի առաջ հավասար լինեն բոլորը:

«Մայրաքաղաքի տարբեր հասցեներում իրականացված ապօրինի կառուցապատումներից տուժած քաղաքացիների երկարատև պայքարի առավելագույն արդյունքը մինչ օրս եղել է համապատասխամ մարմինների կողմից նրանց տանել-բերելը»,-ասում է քաղաքացիական շարժման ներկայացուցիչ Վարդան Գերավետյանը: Նրա համոզմամբ, պայքարը պետք է միավորել, քանի որ բոլոր դեպքերում խախտվել են նույն օրենքները, քաղաքացիների դժգոհություններն էլ հասցեագրված են միևնույն կառույցներին, որոնց ներկայացուցիչները տալիս են նույնանման խոստումներ, որոնք որպես կանոն չեն իրականացվում:

«Ընդդեմ ապօրինի շինությունների» քաղաքացիական շարժման անդամների թվում «Սասուն» ազգագարկան երգի-պարի համույթի ղեկավար, հայ առաքելական եկեղեցու սպասավոր, Սայաթ նովա 10 /5 հասցեի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանն է, ով պայքարում է Սայաթ Նովա 10 և 12 շենքերի բակում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի դեմ: Անարդյունավետ պայքարից հիասթափված նա ավելի վաղ դիմել էր մեր երկրում գործող դեսպանատներին քաղաքական ապաստանի խնդրանքով:

«Միավորվել և միավորել նմանատիպ խնդիրներ ունեցող մայրաքաղաքի բոլոր բնակիչներին» քաղաքացիական շարժման նպատակը ձևակերպելով Վարդան Գերավետյանը նաև հավելում է ՝ «մեր երկրում վերջապես պետք է հարգեն մարդկանց իրավունքներն ու օրենքի առաջ հավասար լինեն բոլորը: Նախաձեռնությունը պայքարելու է հանուն այդ նպատակի իրականացման»:

Ցուցադրել ավելի
Back to top button