Քաղաքական

Նախագահի այցը Չեխիա ավարտվեց

ՀՀ նախագահը Չեխիայի խորհրդարանում
Չեխիայի Հանրապետություն ՀՀ նախագահի պետական այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի հետ:

Զրուցակիցները երկուստեք մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը հայ-չեխական համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման գործում: Նրանք պատրաստակամություն են հայտնել զարգացնելու փոխգործակցությունը և շփումները՝ փոխադարձ վստահության ու փոխշահավետության հիմքի վրա։

Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ վերջին տարիներին զգալիորեն աշխուժացել են միջխորհրդարանական շփումները երկու երկրների միջև, ակտիվացել են խորհրդարանականների փոխայցերը, ինչը, նախագահի կարծիքով, լավ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության շահերին առնչվող արդիական հարցերի վերաբերյալ փոխադարձ ընկալումը խորացնելու, ինչպես նաև միջազգային խորհրդարանական ձևաչափերում համագործակցություն ծավալելու համար: Նշելով, որ 2012թ. Հայաստանի Ազգային ժողովի նախագահն այցելել է Չեխիա, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ուրախ կլիներ Հայաստանում հյուրընկալելու Չեխիայի խորհրդարանի ղեկավարությանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև 20-րդ դարի Չեխոսլովակիայի և Չեխիայի պետականության համար կարևոր նշանակություն ունեցող կառույցներից մեկը՝ Վիտկովի ազգային հուշահամալիր: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հիշատակին:

Հայ- չեխական գործարար համաժողովը
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանն Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարությունում մասնակցել են հայ-չեխական գործարար համաժողովին:

Նախագահները ողջունել են նման ձևաչափով գործարարների հանդիպումը և դրա շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը: Նախագահ Զեմանը կարևորել է հատկապես Հայաստանի և Չեխիայի առանձին տարածաշրջանների միջև ստորագրվելիք համաձայնագրերը, որոնք լավ հիմք են ստեղծում ապակենտրոնացված համագործակցությունը զարգացնելու համար: Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը համակարծիք են եղել, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն, և այն լիարժեք օգտագործելու համար զգալի դեր են վերապահել գործարարներին՝ վստահեցնելով, որ երկուստեք պետականորեն հնարավորինս կխրախուսեն գործարարների միջև կապերի ընդլայնումն ու փոխգործակցության զարգացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական հնարավորությունները, գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ աշխատանքները, նախաձեռնված լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքներն իրենց արտացոլումն են գտել նաև միջազգային վարկանիշային զեկույցներում: Դրանց համաձայն, Հայաստանը մասնավորապես` Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակված «Դուինգ Բիզնես»-2014» տարեկան զեկույցում 185 երկրների շարքում գրավում է 37-րդ տեղը:

Անդրադառնալով ՀՀ տնտեսական հնարավորություններին՝ Հանրապետության Նախագահն ասել է. «Ես կարծում եմ, որ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած իրադարձություններն ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծում գործարարության համար: Առաջինը 2013թ. սեպտեմբերի 3-ի մեր որոշումն էր միանալ Մաքսային միությանը, այլ կերպ ասած՝ դա մեր որոշումն էր միանալ 200 միլիոնանոց շուկային: Երկրորդը դեկտեմբերին Եվրոպական խորհրդարանի կողմից արտոնյալ առևտրային ռեժիմի վերահաստատումն էր, ի թիվս 9 երկրների, նաև Հայաստանի Հանրապետության հետ: Այսինքն մենք կարող ենք լինել կապող կամուրջ՝ ունենալով ազատ տեղաշարժ ապրանքի, աշխատուժի, ֆինանսների Մաքսային միության հետ, մյուս կողմից ունենալով առևտրի արտոնյալ պայմաններ Եվրամիության անդամ երկրների հետ: Ես կարծում եմ, որ չափազանց կարևոր հանգամանք է, որ և՛ պարոն Զեմանը, և՛ ես խորապես շահագրգռված ենք, որպեսզի մեր երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն ունենան արագ աճ»:

Գործարար համաժողովի ժամանակ Հայաստանի և Չեխիայի նախագահները հանգամանորեն անդրադարձել են նաև զարգացման հեռանկար ունեցող համագործակցության ոլորտներին, այդ թվում՝ նշելով էներգետիկան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, սննդարդյունաբերությունը, ոսկերչությունը և այլն:

Նախագահ Զեմանը նշել է, որ շնորհակալությամբ է ընդունել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ այցելել Հայաստան և վստահեցրել է, որ այդ այցի ժամանակ իրեն կուղեկցի չեխ գործարարների ներկայանալի պատվիրակություն, և երկու երկրների գործարարների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում:

Չեխիայի մայրաքաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Չեխիայի ամենահին վանքերից մեկը՝ Ստրահովի վանական համալիր: Այստեղ Նախագահին ծանոթացրել են համալիրի հիմնադրման պատմությանը, վանքի տարածքում տեղակայված ազգային գրականության թանգարանին, Ստրահովի գեղարվեստական ցուցասրահին և վանքում շուրջ 800 տարի գոյություն ունեցող հսկայական գրադարանին, որտեղ պահվում են ավելի քան 2500 ձեռագրեր և 130.000 գրքեր: Հանրապետության Նախագահը եղել է նաև համալիրի 1140-1143թթ. հիմնադրված Մարիամ Աստվածածնի համբարձման տաճարում:

Հանդիպում վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ
Չեխիայի Հանրապետություն պետական այցի վերջին օրը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է պարոն Սոբոտկային՝ ՉՀ վարչապետի պաշտոնն ստանձնելու և նոր կառավարություն ձևավորվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Կողմերը հանգամանորեն անդրադարձել են հայ-չեխական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորություններին, հեռանկարային ոլորտներին, երկու երկրներում գործարար և ներդրումային միջավայրի առավելություններին և խնդիրներին: ՀՀ Նախագահը և ՉՀ վարչապետը առևտրատնտեսական հարաբերությունների խորացման գործում մեծապես կարևորել են գործարար համայնքների միջև շփումները: Այդ համատեքստում երկուստեք գոհունակությամբ է նշվել Պրահայում այսօր կայացած հայ-չեխական գործարար համաժողովը, ՀՀ Նախագահի այցի ընթացքում ստորագրված՝ տնտեսական ոլորտը կանոնակարգող համաձայնագրերը, որոնք, կողմերի համոզմամբ, հիմք են հանդիսանում բազմաթիվ ոլորտներում տնտեսական փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը Պրահայում հանդիպում է ունեցել նաև Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Նախագահի գլխավորած պատվիրակությունը, ավարտելով այցը Չեխիայի Հանրապետություն, այսօր երեկոյան կվերադառնա Երևան:

 

Ցուցադրել ավելի
Back to top button