Քաղաքական

Մահափորձից մեկ տարի անց. Հայրիկյանը դեմ չէ, որ ազատ արձակեն Սեդրակյանին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցած մահափորձի մասին դեռ տասնամյակներ կխոսվի, բայց ուզում եմ ամփոփել կատարավածն ու առաջ գնալ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:  Մահափորձից մեկ տարի անց էլ Հայրիկյանը համոզված է, որ իրական պատվիարտուները բացահայտված չեն:  Ինչ վերաբերում է մահափորձն իրականացնողներին, ապա նրանք ԱԻՄ նախագահին այնքան էլ չեն հետաքրքրում: Հայրիկյանն այսօր ասել է, որ անգամ կողմ է նրանց ազատ արձակմանը։

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանն օրերս  ՔԿՀ-ից նամակ էր տարածել, որում իր քարոզարշավը ֆինանսավորած անձանց անուններ  ու նաև այլ փաստեր էր  նշել:  Պարույր Հայրիկյանը Վարդան Սեդրակյանի նամակը չի կարդացել: Խոստովանությունն, ըստ էության, ուշացած է համարում: «Ես չեմ կարդացել: Կարդալու եմ այդ տիպի գրությունները այդպիսի մարդկանցից, երբ դրանք կլինեն գործի մեջ»:

Իսկ դատաքննության ժամանակ Վարդան Սեդրակյանն այդ ֆինանսավորման մասին ոչինչ չի ասել, մինչդեռ, ըստ Հայրիկյանի,    իրական պատվիրատուներին  բացահայտելու ամենահիմնական օղակը հենց դա էր: Ընդհանուր առմամբ՝ ԱԻՄ նախագահը կարծում է, որ նախաքննական մարմինն իր գործը պատշաճ  է կատարել, բայց գործի համար կարևոր փաստեր բացահայտելու հարցում մինչև վերջ չի գնացել: Մասնավորապես, չի պարզաբանել դրամամատակարաման աղբյուրներն ու այդ աղբյուրների իրական շարժառիթները: Հիշեցնեմ, դատաքննության ժամանակ  Պարույր Հայրիկյանը միջնորդություն էր ներկայացրեց, որպեսզի դատարանը ուսումնասիրի մահափորձից առաջ Վարդան Սեդրակյանի հաշվեհամարին հարյուր հազար դոլար փոխանցելու հարցը: Դատարանը միջորդությունը մերժել էր, արդյունքում՝ իրական պատվիարտուները բացահայտված չեն, ասում է։ «Այս մարդիկ ընդամենը պատվեր կատարող են, իսկ այդ դրամը փոխանցողներն ուղիղ կապ ունեն պատվիրատուների հետ»:

Մահափորձից ուղիղ մեկ տարի անց էլ Հայրիկյանը վստահ է. «Իմ վրա կրակել են որպես քաղաքական գործիչ, որպես ձեր անկախությունը նախապատրաստած մարդ»: Մեկ տարվա հեռվից ԱԻՄ նախագահը գիտի նաև , թե ինչով էր վտանգավոր: «Իր անցած ճանապարհով, իր սկզբունքայնությամբ և մանավանդ հարցադրումներով»:

Ամենացավալին Հայրիկյանի համար այն է, որ մահափորձից հետո շրջանառության մեջ դրվեց ինքն իր դեմ մահափորձ կազմակերպելու վարկածը: Սա ԱԻՄ նախագահն ամենավիրավորական պահն է համարում, կարծում է, որ այդ վարկածները դատաքննությունն իրական ապացույցներից շեղելու նպատակ են հետապնդել:

Այդուհանդերձ,  Հայրիկյանը դեմ չի լինի, եթե Վարդան Սեդրակյանն ազատության մեջ հայտնվի, ինչպես դեմ չի եղել դատաքննության ժամանակ: «Սպանության փորձն իրականացնող Վարդան Սեդրակյանը և մյուսներն ինձ չեն հետաքրքրում բոլորովին: Եթե Սեդրակյանը վաղը բանտից ազատվի, ես շատ ուրախ կլինեմ, որ նրա երեխաները որբ չեն մնա»:

Ցուցադրել ավելի
Back to top button