Քաղաքական

«Համ նալին, համ` մեխին». Հացպանյանը Օջալանի նամակի մասին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեկ հրապարակվել է Քրդական աշխատավորական կուսակցության  ազատազրկված առաջնորդ Աբդուլահ Օջալանի նամակը: Օջալանն իր նամակը հասցեագրել էր Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթին, որի վերջին համարում էլ երեկ հրապարակվել է այն: Նամակի  թարգմանությունն այսօր հրապարակել են նաեւ հայաստանյան լրատվամիջոցները: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նամակին անդրադարձել է նաեւ հրապարակախոս-վերլուծաբան, թուրքագետ  Սարգիս Հացպանյանը: Նրա համոզմամբ` նամակն ավելի շատ ուղղված է ոչ թե հայ ժողովրդին, այլ ակնարկ է՝ ուղղված թուրքական իշխանություններին` զուտ քրդական խնդիրների լուծման պահանջի ակնկալիքով: 

Օջալանի ուղերձին երեկ երեկոյան արդեն անդրադարձել են թուրքական լրատվամիջոցները: Ի մի բերելով այստեղ տեղ գտած հիմնական շեշտադրումները` հրապարակախոս, վերլուծաբան եւ թուրքագետ Սարգիս Հացպանյանը փոխանցեց, որ թուրքական վերլուծություններում մոտեցումներն առավելապես «համ նալին, համ` մեխին» են։

Ըստ Հացպանյանի՝ Օջալանը չի ուզում փչացնել հարաբերությունները, որ սկսվել են Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ։ «Ինքը չի ուզում Էրդողանի կառավարությանը խրտնեցնել` հայանպաստ սուր որեւէ հարցադրում անելու գնով, բայցեւ` այդ մեսիջով Թուրքիայի իշխանություններին ասում է` տես, 2015-ը շատ մոտ է, եթե դու մեր` քրդական, հարցի լուծման հետ կոնկրետ քայլեր չանես, ապա մենք իբրեւ տեղաբնիկ ժողովուրդ, այսպես ասած, այս պատմությունից եկած եւ հայ ազգի ցեղասպանության իրողությունն էլ ճանաչելով, կարող ենք այլընտրանք հանդիսանալ «այսինչ» բանի»:

Բանախոսն ինքը Օջալանի նամակը գնահատելով` շեշտեց, որ այն «լեռը երկնեց՝ մուկ ծնեց» շարքից է: Նրա դիտարկմամբ` միայն մեկ նախադասություն ընդամենը կարելի է առանձնացնել, որտեղ իրավամբ նորություն եւ ասելիք կա: «Առաջին անգամ ՔԱԿ հիմնադիր եւ առաջնորդ Օջալանը «Ցեղասպանություն» որակաորումն է տալիս ցավին, որը մենք` հայերս ապրել ենք»:

Հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի ձեւակերպմամբ, սական, նամակում Օջալանը լղոզում է իրավիճակը եւ չի անդրադառնում ոչ ցեղասպանությանը քրդական մասնակցությանը, ոչ հայերի հայրենազրկմանն ու Արեւմտյան Հայաստանի բռնազավթմանը: Արդարությանն առնչվող որեւէ բառ իսկ չի օգտագործվում, ինչը, Սարգիս Հացպանյանի փոխանցմամբ, չի վրիպել նաեւ Օջալանի նամակն ամբողջությամբ հրապարակած «Ակոս» շաբաթաթերթի բոլոր հոդվածագիրների աչքից:

Շաբաթաթերթը, հրապարակելով Աբդուլահ Օջալանի նամակն ամբողջությամբ, միաժամանակ տպագրել է նաեւ խմբագրակազմի հայ հոդվածագիրների մեկնաբանությունները: Հացպանյանի խոսքով` նրանք հրապարակումներում անդրադարձել են գրեթե այն ամենին, ինչն ինքը եւս նկատել էր նամակի ընթերցմամբ. «Գրեթե բոլորը, ինչ նամակը հրապարակվել է, ասում են` չի բավարարում, բայց` ոչինչ, կուտվի»:

Հացպանյանի պարզաբանմամբ` այդ «ոչինչ»-ի մոտեցումը պայմանավորված է մեկ հանգամանքով: Այն է` Օջալանի ղեկավարած քրդական շարժումը վերջին շրջանում միշտ հանդես է եկել թուրքական իշխանությունների հետ հաշտեցման դիրքերից եւ այդ ժամանակահատվածում շարունակ հակահայկական դիրքորոշումներով հանդես եկել: Հացպանյանը նկատում է նաեւ, որ Օջալանը քրդերի պայքարը համարում է բնիկ մյուս ժողովուրդների պայքար, սակայն նրա ղեկավարած շարժումը երբեք այդ ժողովուրդների` այդտեղ ապրելու որեւէ պայմանի հետ կապված չի արտահայտվել, հետեւաբար` նրա խոսքերը օդում կախված են մնում, եզրափակեց Սարգիս Հացպանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button