Տնտեսական

Գյուղերի զարգացման ծրագերի իրականացումը կստեղծի 1000 աշխատատեղ, կարծում են նախաձեռնողները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Այսօր պաշտոնապես մեկնարկեցին գյուղերի տնտեսական զարգացմանն ուղղված  «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն»  երկու հնգամյա ծրագրերը, որոնք հիմնված են ՀՀ  և ԱՄՆ կառավարությունների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, այլ դոնորների և հասարակական կազմակերպությունների ներկայիս և նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը։

Գործնականում այսօր ներկայացված ծրագրերի մշակումը մեկնարկել էր դեռևս անցյալ տարվա օգոստոս- սեպտեմբեր ամիսներին: Ծրագրերը ֆինանսավորվում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Դրանց վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը։ Ըստ նրա՝ գյուղական  համայնքների զարգացմանը միտված ծրագրերի ֆինանսավորուման համար կհատկացվի 8 մլն ԱՄՆ դոլար:

«Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը  իրականացվելու է մեր երկրի բոլոր մարզերի շուրջ 100  համայնքներում, լրագրողներին հայտնեց ծրագրի տնօրեն Անուշ Ասլանյանը: Ծրագրի ընթացքում մշակված և հաջողությամբ իրագործված բիզնես ծրագրերը հետագայում կիրագործվեն նաև այլ համայնքներում: Ֆինանսական միջոցները կտրամադրվեն դրամաշնորհների և վարկերի տեսքով, նշեց ծրագրի ղեկավարը: Ընդհանուր առմամբ՝ ակնկալվում է ծրագրի իրագործման արդյունքում ստեղծել հազարից ավել նոր աշխատատեղեր։

«Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» ծրագիրը կիրագործվի Սյունիքի, Վայոց ձորի և Լոռու մարզերի 48 համայնքներում՝ գյուղական զբաղվածության խթանման նպատակով: Ըստ ծրագրի տնօրեն Վահե Սարդարյանի՝ աջակցություն է տրամադրվելու  կաթի և և մրգերի վերամշակման և գյուղական զբոսաշրջության ոլորտներում։ 

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հույս հայտնեց, որ այս ծրագրերը հաջողությամբ կիրագործվեն և կկրեն շարունակական բնույթ։

Ցուցադրել ավելի
Back to top button