Հասարակություն

Արամ Հարությունյան.Ձկնաբուծական տնտեսությունները չեն վնասի Սեւանին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խոսել է 2014 թվականի կառավարության կողմից հաստատված 2 գերակա խնդիրների` Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծման ծրագրերի և Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրման մասին: Նախարարը նշել է, որ ՀՀ պետական բյուջեից Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման համար հատկացվում է տարեկան 60 մլն. դրամ, որի արդյունքում էլ լիճ է բաց թողնվում 166 հազ. գեղարքունի` 5 գրամից ավելի քաշով և 200հազ. ամառային իշխան` 3 գրամից ավելի քաշով մանրաձկներ: Արամ Հարությունյանն անդրադարձել է նաև ապօրինի հորերի լուծարմանը:

Բաց, թափանցիկ, ինչպես նաև լարված աշխատանք է սպասվում բնապահպանության նախարարությանը, այսպես բնորոշեց իրենց 2014 թվականի աշխատանքները գերատեսչության ղեկավար Արամ Հարությունյանը: Ոլորտին պետական բյուջեով հատկացվել է 2,3 մլրդ դրամ, իսկ իրականացվելիք ծրագրերը շուրջ 23- ն են, որոնցից 2-ը կառավարության կողմից հաստատվել են գերակա խնդիրներ: Դրանցից առաջինը վերաբերում է Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիայի համալրմանը, որի շրջանակներում նախատեսվում է 366 հազ. 600 հատ մանրաձկան աճեցում և բացթողում իրականացնել լճում: Սևանի էնդեմիկ ձկնատեսակների պաշարների համալրման համար տարեկան տրամադրվում է 60 մլն դրամ: Կնքված պայմանագրի արդյունքում՝ Սևանա լիճ է բաց թողնվելու մոտ 166հազ 600 գեղարքունու և 200հազ. ամառային իշխանի մանրաձկներ:

Բնապահպաններին անհանգստացնում է լճում ձկնաբուծական տնտեսությունների առկայությունը: Սակայն բնապահպանության նախարարը վստահեցնում է, որ Սևանա լիճը հայելու մակերեսի հետ միասին կազմում է 147 հազար հեկտար, որից 80 հեկտարն է նախատեսված ձկնաբուծական տնտեսությունների համար: Ուսումնասիրելով համաշխարհային փորձը` նախարարը կարծում է, որ այս տնտեսությունների գործունեությունը լճին չի վնասի:

Այս տարի նախատեսվում է իրականացնել անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների ծրագիր, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների արդյունքում իրականացնել հարմվողականության ծրագիրը:
Սյունիքում Գերմանիայի զարգացման բանկի հետ համատեղ նախարարությունը ստեղծելու է կենսոլորտային տարածք 8,25 մլն. եվրո արժողությամբ: Ծրագրի նախնական փուլն ավարտված է, հաջորդ փուլում էլ նախատեսվում է ծրագրի կառավարչի ընտրությունը:

Ծրագրի շրջանակներում, նախարարի հավաստմամբ, ստեղծվելու են պահպանվող տարածքներ և արգելավայրեր:
Անդրադառնալով անօրինական խորքային հորերի լուծարման աշխատանքներին` նախարարն ավելացրեց, որ արդեն լուծարվել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել մոտ 50 խորքային հոր: Չգրանցված խորքային հորերի վերաբերյալ համայնքների հետ պետք է վերհանեն պատճառներն ու անհրաժեշտությունը, նոր որոշեն հետագա անելիքները:

«Յուրաքանչյուր հորի համար մենք ստեղծում ենք թվայնացված տարբերակով կորդինատական ձևակերպումներ, այսինքն` վերցնում ենք տվյալ տարածքի հատակագիծը և այդ հատակագծով մենք նաև նստեցնում ենք կորդինատական կետերի վրա, որպեսզի և’ քարտեզը, և’ խորքային հորերի տեղադիրքը բոլորի համար պարզ լինի»:

Ցուցադրել ավելի
Back to top button