Քաղաքական

Քաղաքական գործիչները՝ Գյումրիում տեղի ունեցող վերջին իրադարձությունները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Պետք չէ Երեւանում նստած ասել, թե Գյումրին կրիմինալ քաղաք է: Գյումրիում տեղի ունեցող վերջին իրադարձություններին` նախկին ու ներկա քաղաքապետերի եւ նրանց որդիների հետ կապված պատմություններին այսօր անդրադարձել են հանրապետական պատգամավորներ Մկրտիչ Մինասյանը, Սուքիաս Ավետիսյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Հանրապետական պատգամավորները կարծում են, որ նախկին ու ներկա քաղաքապետերի շուրջ տեղի ունեցող զարգացումներն այն իրադարձությունները չեն, որոնց անդրադառնալն ունի խիստ անհրաժեշտություն, իսկ ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ` Գյումրիի քաղաքապետերի թեման ամենահարմարն է, որը միտումնավոր շրջանառվում է գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու նպատակով:

Եթե առկա է հանցագործություն, ապա` երկրում կան համապատասխան մարմիններ, որոնք էլ պետք է զբաղվեն դրանով: Օրենքը պետք է գործեր եւ գործելու է` ասաց հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով Գյումրիի նախկին եւ ներկա քաղաքապետերին առնչվող թեմային: Ինչ վերաբերում է ոստիկանապետի` Գյումրիում կատարած հայտարարությանը. «Ոստիկանապետի հայտարարությունը, պահանջը եւ դիրքորոշումը որոշակիորեն սառը ցնցուղ էր բոլոր կողմերի համար»:

Հակադարձելով դիտարկմանը, որ բազմաթիվ միջադեպերի կենտրոնում հաճախ հայտնվում են հենց հանրապետական պատգամավորների ու պաշտոնյաների որդիները` հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն ասաց, թե հատվածային, անհատական մոտեցում է, երբ ամեն չարիք տեսնում ես միայն մեկ ուժի մեջ ու չես տեսնում հասարակության մեջ:

Մկրտիչ Մինասյանի խոսքով` բոլորը պետք է իրենց գործը կատարեն` վեր կանգնելով մանր-մունր, անձնավորված գնահատականներից ու գործելաոճից: Նրա խոսքն առաջին հերթին վերաբերում էր Գյումրում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ձեւակերպմամբ` Գյումրիում եւ ընդհանրապես հանրապետությունում մթնոլորտը պետք է ազատականացվի: Նրա գնահատմամբ` Գյումրիում կրքերն առավել բեւեռացված են, քանի որ տեղի ունեցած ընտրություններից հետո, ԲՀԿ-ական պատգամավորի բնորոշմամբ, երկար տարիներ աշխատած նախկին քաղաքապետը չի կարողանում համակերպվել նոր իրավիճակի հետ: Ինչ վերաբերում է կուսակից քաղաքապետին` բհկական Սամվել Բալասանյանին. նա բավականին արդյունավետ է աշխատում, չնայած առկա դիմակայություններին` շեշտեց Միաքայել Մելքումյանը: Նրա խոսքով` անցանկալի դեպքերն ու երեւույթները պետք է բացառել. «Բայց բացառելու համար նաեւ պետք է հասարակությունը ճիշտ գնահատական տա, այդ թվում նաեւ գյումրեցիները: Ես հակված չեմ գյումեցիներին դասեր տալ: Միայն հետեւյալը կարող եմ ասել` պետք է լինի գյումրեցիների կոնսենսուսը, իսկ երկուսի հարաբերությունները ոչ մի բանի չեն նպաստում: Գյումրու լուծելի հարցն էն ա, որ Գյումրին ինքը զարգանա: Երկուսի հարաբերությունները հետեւանքային ածանցյալ բաներ են: Եթե կան իրավունքի եւ իրավակարգի հետ կապված խնդիրներ, ապա պետք է համապատասխան իրավապահ մարմինները իրենց արժանի գնահատականը տան եւ այդ հարցը փակվի»:

Ինչպես հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, այնպես էլ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն իրենց խոսքում շեշտեցին, որ պետք չէ կենտրոնանալ միջանձնային հարաբերությունների վրա, քանի որ հիմնական խնդիրը մեկն է` Գյումրու զարգացումը, ինչին պետք է նպաստեն բոլորը` նաեւ լիցքաթափելով քաղաքի մթնոլորտը:

Ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանը համոզմունք հայտնեց, որ Գյումրու նախկին ու ներկա քաղաքապետերի հարաբերությունների թեման միտումնավոր հենց իշխանություններն են շրջանառության մեջ դրել, քանի որ, ըստ նրա, այն ամենահարմար թեման է այս պահին հասարակության ուշադրությունը բազում հիմնախնդիրներից շեղելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button