ԿարևորՔաղաքական

Տեւական հաշտեցման համար պետք է ընդունել անցյալը, ՄԱԿ- ում հայտարարել է դեսպան Նազարյանը

Հաշտեցման գործընթացը չի ենթադրում միայն պայմանագրերի ստորագրում, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, տեղի ունեցած «Պատերազմ ու նրա դասերը. հարատև խաղաղության որոնումը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը։ Ըստ նրա՝ որպեսզի հաշտեցումը լինի տևական, անհրաժեշտ է ընդունել անցյալը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշտեցման հարցում հաջողության հասած ժողովուրդներն ու ազգերն անցել են արդարության վերականգնման ճանապարհով, որը ներառում է նաև նմանատիպ ոճիրների հետևանքների վերացում։

Իր ելույթի մեկ այլ բաժնում դեսպան Նազարյանը կարևորել է նաև, որպեսզի միջազգային հանրությունը միաձայն դեմ արտահայտվի պատմության աղավաղմանն ու ժխտողականությանը: «Զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգման համար։ Այսօր էլ ցեղասպանության հանցագործությունները կրկնվում են աշխարհր տարբեր մասերում` պատճառ հանդիսանալով հսկայական մարդկային կորուստների, քաղաքական ու տարածաշրջանային հուզումների»,- ասել է դեսպանը։

Կարեն Նազարյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր հասարակություն պետք է առերեսվի իր անցյալին, և այս գործընթացում իրենց դերակատարումն ունեն նաև միջազգային կազմակերպությունները, խորհրդարանները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները, քաղաքական ու հոգևոր առաջնորդները, պատմաբանները, ուսուցիչները և այլն:

Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ պետությունների, միջազգային կառույցների (ներառյալ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ու դրա Փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության վերացման ենթահանձնաժողովի) կողմից` նա իր ելույթի վերջում կոչ է արել ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու շարունակելու մարդկության դեմ կատարված այդ հրեշավոր ոճիրի ճանաչման ու դատապարտման գործընթացը:

Ցուցադրել ավելի
Back to top button