ԿարևորՔաղաքական

Ս. Սարգսյան. Պրահան կարեւոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում

«Պրահան կարևոր նշանակետ է Հայաստանի եվրոպական օրակարգում, որը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Մոտ հինգ տարի առաջ հենց այստեղ՝ Պրահայում Արևելյան գործընկերության մեկնարկով Հայաստանը ստանձնեց Եվրոպական միության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, որը վերահաստատեցինք նաև անցած նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում: Մենք հաստատակամ ենք Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները շարունակաբար խորացնելու և ընդլայնելու հարցում և այս առումով ակնկալում ենք բարեկամ երկրների, մասնավորապես Չեխիայի համակողմանի աջակցությունը»,- այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ կայացած հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում։

Պետական այցով Չեխիայում գտնվող Հայաստանի նախագահը բարձր է գնահատել այս երկրի կառուցողական դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Անդրադառնալով նոյեմբերին Վիեննայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներից երկամյա ընդմիջումից հետո հանդիպմանը եւ դրանից մեկնարկած բանակցություններին՝ Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ «Այդուհանդերձ, հիմնահարցի կարգավորումն իրատեսական չի թվում, եթե Ադրբեջանը մեկընդմիշտ չհրաժարվի ռազմատենչ քարոզչության, սպառազինությունների մրցավազք հրահրելու և շփման գծում սադրիչ գործողություններ իրականացնելու արատավոր քաղաքականությունից: Ժամանակն է, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում ցուցաբերի հիմնախընդիրը բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու հարցում: Այստեղ պետք է մի շատ կարևոր շեշտադրում կատարեմ, պարոն Նախագահ. հիմնախնդրի խաղաղ և տևական կարգավորման հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության անկողմնակալ մոտեցումը կամ առնվազն գործընթացին չվնասելու սկզբունքով առաջնորդվելը»:

Հայաստանի նախագահն նշել է, որ իր չեխ պաշտոնակիցն էլ համակարծիք է, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով:

Պետական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի եւ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի բանակցությունների ավարտին ստորագրվել են համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր։ Մասնավորապես ստորագրվել՝ են Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև հանցավորության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին, Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Չեխիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջև աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, հրշեջ ծառայության և բնակչության պաշտպանության մասին, Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության բնագավառում համագործակցության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Չեխիայի Հանրապետության մաքսային գլխավոր տնօրինության միջև համագործակցության մասին:

Back to top button