ԿարևորՎերլուծական

Սահմանային միջադեպերը Ադրբեջանի «պատերազմական դիվանագիտության » արտահայտությունն են

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակն  այսօր քննարկում է կազմակերպել  հայ-ադրբեջանական շփման գոտում վերջին օրերի  լարված իրավիճակի ու հնարավոր զարգացումների շուրջ: Քննարկմանը փորձագիտական գնահատականները են հնչել, ընդ որում՝ ոչ միայն հայկական, այլ նաև ադրբեջանական կողմից: Բաքվից տեսազանգով քննարկմանը միացել են  «Բաքու փոստ» թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն և Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար Ավազ Հասանովը:  Հայկական կողմի փորձագիտական դիրքորոշումը ներկայացրել են քաղաքագետմներ  Սերգեյ Մինասյանն ու Մանվել Սարգսյանը:

Իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում շարունակում է լարված մնալ: Զոհերի թվի վերաբերյալ  ոչ պաշտոնական աղբյուրները  տարբեր տվյալներ են նշում, պաշտոնական տվյալները հաստատում են վերջին տասն օրվա ընթացքում  2 հայ զինծառայողի մահը։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը հայ-ադրբեջանակն շփման գոտու լարվածության առիթը հայկական դիրքերի վրա ադրբեջանական դիվերսիոն խմբի հունվարի 19-ի  հարձակումն է համարում: Նաև ընդգծում է, որ վերջին տասնամյակի ընթացքում սահմանային միջադեպերը լարվածության տարբեր աստիճաններ թեև գրանցել են, բայց մասշտաբային գործողությունների չեն վերաճել։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը իրավիճակը գնահատելիս հորդորում է չանտեսել այն գնահատականները, որոնք սահմանային միջադեպերի վերաբերյալ հնչել են պաշտոնապես։ «Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ սահմանային միջադեպերը Ադրբեջանի «պատերազմական դիվանագիտության » արտահայտությունն են  կամ  այդ երկրի դիվանագիտական դիրքորոշման շարունակությունը»,

Այս տեսանկյունից, ըստ վերլուծաբանի,  սահմանային կրակոցները պատահական դժվար է համարել, նաև չնկատել, որ դրանք սովորաբար նախորդում կամ հաջորդում են բանակցային որևէ փուլի: Այս անգամ նույնպես լարվածությունը զուգադիպեց արտգործնախարարների հերթական հանդիպմանը։ «Կա մոտեցում, որ բանակցություններն ավելի նպատակահարմար է վարել ոչ թե խաղաղ, այլ՝ լարված իրավիճակում: Այս  փիլիսոփայությունն էլ  հենց արտահայտվում է հայ-ադրբեջանական շփման գոտում»:

Շփման գծում անսովոր ոչինչ չեմ տեսնում ՝ սահմանային իրավիճակն այսպես գնահատեց  Քենան Գուլուզադեն: Նա  «Բաքու փոստ» թերթի գլխավոր խմբագիրն է, երևանյան քննարկմանը միացել էր տեսազանգի միջոցով։ «Հակամատությունը համարում են սաեռցված, բայց թե որքան կամ մինչև որ աստիճանը սառեցված՝ մեծ հարց է: Հակամարտությունը կա,  միջադեպերը միշտ ուղեկցում են այն, զոհվում են զինծառայողներ ու խաղաղ բնակիչներ: Այնպես որ, արտասովոր ոչինչ չեմ տեսնում, պարզապես հունվարի վերջին տասնօրյակը համընկնում է օրացուցային որոշ իրադարձությունների հետ: Դեր ունի նաև մինչբանակցային օպտիմիզմի ու իրական արդյունքների գործոնը»:

Նույն կարծիքին էր նաև ադրբեջանցի մյուս բանախոսը:  Հայ վերլուծաբանները, փորձեցին ճշտել՝ ադրբեջանցի փորձագետներն արդյո՞ք կապ տեսնում են  սահմանային լարվածության մեծացման և այս երկրում  պաշտպանության նոր նախարարի նշանակման միջև։ Քենան Գուլուզադեն  հակված չէր այս իրադարձություններն իրար կապել, իսկ մյուս բանախոսի՝ Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար Ավազ Հասանովի կարծիքով ՝ պաշտպանության նոր նախարարի գործոնը որոշակի կապ ունի միայն այն առումով, որ  նորը նախորդի  իներտության իմիջից ազատվելու խնդիր ունի։

Հայ փորձագետները իրավիճակի սահմանային լարվածության մեծացման մեջ վտանգ տեսնում են և հակված չեն իրավիճակը հակամարտության առկայության պարագայում ստանդարտային որակել: Այդ լարվածության հետևում իրական մահերն են ու սա ամենամտահոգիչն է, քննարկմանը ընդգծեց Մանվել Սարգսյանը:  Իսկ հիմնական հարցի պատասխանը՝  կշարունակի մեծանալ սահմանային լարվածությունը, թե ոչ,  ադրբեջանցի փորձագետը կապեց բանակցությունների առաջիկա փուլի հետ։ «Առաջիկա օրերին սպասվում է ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, դրանից հետո նախագահների հանդիպում է նախատեսվում: Կախված հանգամանքից ՝ թե ինչ ընթացք կունենան այդ բանակցությունները, թե որքանով քննարկման նյութ կունենան,  այդ տրամաբանությամբ էլ կծավալվեն սահմանային զարգացումները: Եթե այդ համաձայնությունը բանակցությունների սեղանի շուրջ չկայանա, սահմանային լարվածությունը չի մարի»:

Ցուցադրել ավելի
Back to top button