ԿարևորՏնտեսական

Ապրանքների 60% մաքսատուրքերը կբարձրանան ՄՄ անդամակցության արդյունքում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մաքսային միությանն անդամակցության «ճանապարհային քարտեզի» հաստատման հետ մեկտեղ ստեղծվել է 22 աշխատանքային ոլորտային խումբ, որոնք փորձում են ուսումնասիրել եւ Հայաստանը, այսպես ասենք, համապատասխանեցնել Մաքսային միությանը: Թեեւ արդեն հայտարարվել է, որ ռուբլու ընդհանուր գոտի չի լնելու, բայց Մաքսային միությունն իր հետ բերելու է, օրինակ, մաքսատուրքերի փոփոխություն: Մի դեպքում դրանք կբարձրանան, մյուս դեպքում` կիջնեն: Տնտեսության համար ռիսկային է ինչպես առաջինը, այնպես էլ երկրորդը: Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին այսօր լրագրողների հետ խոսել է Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Տնտեսության առումով Հայաստանն առայժմ երկու ուղղությամբ է ընթանում` փորձում է անդամակցել Մաքսային միությանը եւ միաժամանակ օգտվում է Եվրամիության հատկացրած արտոնություններից: Ներկա պահին, սակայն, Հայաստանը հստակ ընտրել է Մաքսային միության ճանապարհը: Եվրամիության հետ որեւէ բանակցություն այս պահին չի ընթանում, հաստատեց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Հայաստանում այսօր գործում են այն ծրագրերը, որոնք արդեն հաստատված են եղել կամ նախաձեռնվել են Մաքսային միությանն անդամակցելու գործընթացից առաջ:  Այդպես օրինակ` 2013-ին Հայաստանը դեռեւս հայտ էր ներկայացրել եւ այս տարվա հունվարի 1-ից ընդգրկվել է «GSP+» ռեժիմի մեջ, ինչը նշանակում է, որ նշված 6 հազարից ավելի հայկական ծագման ապրանքներ Եվրամիության երկրներ են ներմուծվում արտոնյալ` զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով:

Ի դեպ` այդ ռեժիմից օգտվելու իրավունք է ստացել ընդամենը 10 երկիր: Կովկասյան երկրներից ցանկում մեկ էլ Վրաստանն է: Արտոնությունը ժամանակավոր է: Եթե նշված ժամանակահատվածում պայմանների խախտում լինի, ապա տեսականորեն հնարավոր է արտոնությունը վերանայվի: Իսկ այն, որ Հայաստանի տնտեսական դաշտում պայմանների փոփոխություն առաջիկայում նախատեսվում է, Էկոնոմիկայի փոխնախարարը հաստատում է:

Խոսքը մաքսատուրքերի վերանայման մասին է` Մաքսային միության ընդհանուր դաշտին համապատասխանելու համար: Արդեն պարզ է, որ ապրանքների 60 տոկոսի պարագայում մաքսատուրքերը բարձրանալու են, 14.5 տոկոսի դեպքում՝ իջնելու, իսկ 17 տոկոսից ավելիի դեպքում նույնն են մնալու: Հայկական կողմը արդեն քննարկումներ է անցկացրել գործարարների հետ եւ կազմել 800-ից 850 անուն ապրանքների մի ցանկ, որոնց մաքսատուրքերի բարձրացման դեպքում մեր տնտեսությունը հնարավոր է վտանգվի: Այս ցանկով եւ առաջացած խնդրով հայկական կողմը գնալու է Եվրասիական տնտեսական կոմիտե, որն էլ որոշելու է. հնարավո՞ր է մաքսատուրքերի բարձրացման վերանայում Հայաստանի համար, թե՞ ոչ։

Իսկ եթե չհաջողվի որեւէ պայմանավորվածություն ձեռք բերել, այդ դեպքում հնարավո՞ր է Հայաստանը չանդամակցի Մաքսային միությանը։ Մի քանի անգամ հնչած այս հարցը փոխնախարարն այդպես էլ անպատասխան թողեց: Խուսափեց նաեւ ընդհանուր փոխարժեքի` ռուբլու գոտու մասին խոսել։

Ցուցադրել ավելի
Back to top button