ԿարևորՏնտեսական

Ֆիննախ. Հայաստանը 2014 թ մտել է ֆինանսական «շատ ավելի պինդ ռեզերվներով»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը կարծում է , որ 2013-ի կարևորագույն արդյունքներից էր բյուջեի ցածր դեֆիցիտը, մակրոտնտեսական կայունությունը, ինչպես նաև «շատ ավելի պինդ ռեզերվներով» 2014թ  մուտք գործելը։ Դավիթ Սարգսյանն էլ, ինչպես  աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հպարտ է, որ կանգնած է կենսաթոշակային բարեփոխումների ակունքում։ Ի դեպ՝ ֆինանսների նախարարը կենսաթոշակային իր ֆոնդն ու կառավարչին արդեն ընտրել։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/01/290114finnax.mp3

Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չի կիսում տարբեր հրապարակումներում հնչած այն կարծիքը, թե վերջին տասը տարիների ընթացքում մեր երկրից ապօրինի ճանապարհով  միլիարդավոր գումարներ են դուրս եկել: Հիշեցնենք, որ վերջերս հրապարակվեց Global Financial Integrity հետազոտական կենտրոնի հետազոտությունը, որտեղ նշված էր, որ  տասը տարվա ընթացքում Հայաստանից ապօրինի եղանակով դուրս է բերվել ավելի քան 6.2 միլիարդ դոլար: Ֆինասների նախարարը միաժանակ չի կարծում, որ միջազգային հարթակում մեր երկրի ներդրումային գրավչությունն ընկել է։ «Ես չեմ ժխտում, որ հնարավոր են ինչ-ինչ ապօրինի կերպով ձեռք բերված միջոցների լվացման փորձեր, բայց ՀՀ համապատասխան օրենսդրությունը և ֆինանսական վերահսկողության կառույցը լիարժեք կատարել են իրենց գործառույթները»։

Հայաստանը հստակ որոշել է, ու գնում է դեպի Մաքսային միություն, օրեսնդրության համապատասխանությունը այս տարի լինելու է ֆիննախի գերակայություններից մեկը:  Ֆինանսների նախարարը, սակայն, այսօր հստակ չի կարող հայտարարել, որ  միասնական ռուբլու գոտի ենք մտնելու։ «Ռուբլու գոտու մասին ես հիմա ոչինչ չեմ կարող ասել այն պարզ պատճառով, որ ոչ Ռուսաստանը, ոչ ՄՄ այլ երկրներ նման հայտարարություն, թե օրինակ x թվականից իրենք անցնելու են ռուբլու գոտու, չեն արել: Նման որոշում այս պահին գոյություն չունի: Այս պահին այն նախաձեռնությունը, որ կա միասնական տնտեսական տարածքի մասին, որը 2015 թ է լինելու, դեռևս, համենայն դեպս, այնտեղ որևէ խոսակցություն ռուբլու գոտու և միասնական արժույթի մասին չկա։ Երբ կլինի, ես այն ժամանակ կմեկնաբանեմ»,- ասաց։

Պետական բյուջեի 2013-ի  վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, նախարարությունը շարունակում է հաշվետվություններ ստանալ: Առայժմ տվյալները նախնական են: Հենց նախնական տվյալենրով էլ՝  բյուջեի դեֆիցիտը    1.5-1,8 տոկոսի շրջանակներում կկազմի : ԱՎԾ-ն նախորդ շաբաթ հրապարակեց տնտեսական ակտիվության ինդեքսը, հավանաբար՝ նույն 3,5 տոկոս էլ կկազմի տնտեսական աճը: Չնայած քննաադատություններին՝  ֆինանսների նախարարը կարծում է , որ 2013- ի կարևորագույն արդյունքներից էր բյուջեի ցածր դեֆիցիտը, մակրոտնտեսական կայունությունը, ինչպես նաև, որ 2014 մուտք գործեցինք «շատ ավելի պինդ ռեզերվներով»։

Կանխատեսելով պետական գանձարանին վերաբերող հարցերը՝  Դավիթ Սարգսյանը   հանդիպման էր եկել նախապատրստված։ «Մեր գանձարանում այս պահին կա 89  կգ 392 գրամ ոսկի։ Սրանից մետաղական ոսկին կազմում է 14 կգ 288 գրամ , մնացած 75 կգ 103 գրամը, այսպես կոչված, ջարդոն է։ Շուկայական արժեքով այն, ինչ որ կա գանձարանում, մեկ միլիարդ 860 մլն դրամ է:  Սրանից էլ մոտավորապես մեկ միլիարդ 240 դրամը ջարդոնն է: 3036 հատ արհեստական քար ունենք, օրինակ՝ 102 կգ աճեցված մարգարիտ ունենք»։

Կենսաթոշակային բարեփոխումների թեման  նույնպես չշրջանցվեց: Դավիթ Սարգսյանը գրեթե կրկնեց իր գործընկեր նախարարի՝ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ «Հպարտ եմ, որ կանգնած եմ կենսաթոշակային բարեփոխումների ակունքում» հայտարարությունը: Պարզվում է՝ Դավիթ Սարգսյանն էլ է հպարտ։ Քաղաքացի Սարգսյանն արդեն կատարել է կենսաթոշակային իր ֆոնդի եւ կառավարչի ընտրությունը։ «Թե որ ընկերությանն եմ ընտրել, չեմ կարող ասել, քանի որ դա իմ անձնական գաղտնիքն է։ Ես չեմ ուզում որևէ ընկերության գովազդել։ Ասեմ միայն, որ միջին ռիսկայնությունն եմ ընտրել»։

Ի դեպ՝ ընդամենը մի քանի օր առաջ ԿԲ- ն հայտարարեց, որ կուտակային պարտադիր բաղադրիչին մի քանի հազար  քաղաքացի է միացել: Դավիթ Սարգսյանի տվյալները այլ էին՝ հստակ չգիտի,  սակայն  լսել է, որ  տասը հազարից ավելի մարդ է միացել։

 

Ցուցադրել ավելի
Back to top button