Մշակույթ

Վերջին հրաժեշտը Արամ Ղարաբեկյանին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել  ՀՀ  արվեստի վաստակավոր գործիչ,  Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր  Արամ Ղարաբեկյանի  վերջին հրաժեշտի արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ հունվարի 10-ին ՝ Միացյալ Նահնագներում  մահացած մաեստոյի դին ամփոփովել է  Երևանի քաղաքային պանթեոնում։

Արամ Ղարաբեկյանը ծնվել էր 1955 թվականաին՝ Թեհրանում: Ավարտել է Բոստոնի «New England» երաժշտանոցը, երաժշտական կրթությունը շարունակել Գերմանիայի Մայնց քաղաքի  համալսարանում: Դիրիժորական արվեստի գաղտնիքներն Արամ Ղարաբեկյանը յուրացրել է Իտալիայում, Գերմանիայում և ԱՄՆ- ում՝ ուսանելով երաժշտական լեգենդների մոտ: Արվեստագետի  կյանքի  12 տարիները կապված էին  հայրենիքի երաժշտական կյանքի հետ։

Արամ Ղարաբեկյանն իր դիրիժորական գործունեությունն սկսեց  1983 թվականին, երբ նախաձեռնեց ու հիմնադրեց  Բոստոնի  «Սինֆոնովա» կամերային նվագախումբը: Նա ղեկավարել է Ուկրաինայի  ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Օպերայի և բալետի թատրոնը: Որպես հրավիրյալ դիրիժոր ելույթներ է ունեցել հանրաճանաչ բազմաթիվ նվագխմբերի հետ: Իր գործունեության համար Արամ Ղարաբեկյանն արժանացել է  միջազգային հեղինակավոր մրցանակների: Նրա կատարումները «Բոստոն գլոբի» կողմից չորս անգամ ճանաչվել են որպես «Տարվա լավագույնը»:

Արվեստագետի  կյանքի  12 տարիները կապված էին  հայրենիքի երաժշտական կյանքի հետ: Հայաստանի պետական կամերային նվագախմբին ևս բախտ վիճակվեց աշխատել արդեն մեծ վաստակ ունեցող մաեստորյի հետ: 1997-2009 թվականներին  Արամ Ղարաբեկյանը  նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր: «Լինելով դասական նվագախմբային արվեստի միջազգային  չափանիշների ու  ճաշակի կրողը՝ Արամ Ղարաբեկյանը կարողացավ  դրանք վերարտադրել հայ իրականության մեջ: Նա արմատապես փոխեց  հետխորհրդային բազմաթիվ կարծրացած  ավանդույթներ նվագխմբի ներքին օրակարգում,  աշխատաոճում, անգամ մարդկային փոխհարաբերություններում, հաստատեց կարգուկանոն, ինչը, ցավոք, մեզանում միշտ սվիններով է ընդունվում»,- ասում է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը, ով Արամ Ղարաբեկյանին ճանաչել է Հայաստան գալու առաջին օրերից։

Հայաստանից մեկնելուց հետո  Արամ Ղարաբեկյանը շարունակեց իր  գործունեությունը Միացյալ Նահանագներում: Իրեն բնորոշ խանդավառությամբ  ձեռնամուխ եղավ  գեղարվեստական տարբեր նախագծերի իրականացմանը, ղեկավարեց համերգային բազմաթիվ ծրագրեր, հանդես եկավ հյուրախաղերով: Մաեստրոյի նախաձեռնությամբ ստեղծվեց  Բաց  երաժշտական հասարակության  հիմնադրամը, որի նպատակները բազմազան էին ու հեռահար։ Հիմնադրամի շրջանակներում  Ղարաբեկյանի գլխավորությամբ  կազմակերպվեց  2012-ի սեպտեմբերի  21-ին  Լոս Անջելեսի  միջազգային օդանավակայանում ամերիկյան «Շաթլ ինդևոր» տիեզերանավի դիմավորման հանդիսավոր արարողության գեղարվեստական մասը:

«Արամը բազմաթիվ ծրագրեր ուներ, նոր մտահաղացումներ, գաղափարներ, որոնք, ավաղ, անավարտ մնացին: Նա անընդհատ նորություն էր փնտրում»,- ասում է մեծանուն արվեստագետ Խաչատուր Ավետիսյանի որդին՝  ամերիկաբնակ կոմպոզիտոր Միքայել Ավետիսյանը։

Back to top button