ԿարևորՀասարակություն

Հայաստանում մանկական եւ մայրական մահացությունն ամենցածրն է ԱՊՀ-ում

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Առողջապահության նախարար Դերենեիկ Դումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է նախորդ տարին: Ոլորտի պատասխանատուն խոսել է բազմաթիվ ձեռքբերումների, գերակայությունների, ինչպես նաեւ 2014 թ-ի առաջնահարթությունների մասին: Մանկական ու մայրական մահացությունների նվազում, մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացում, ոլորտում ստվերի կրճատում, կոռուպցիոն ռիսկերի նվազում. ահա հիմնական ձեռքբերումները՝ ըստ նախարարի:

2014 թին առողջապայհության ոլորտի հիմնական շեշտը դրվելու է բժշկական օգնության որակի բարելավման եւ ստվերի կրճատման դեմ աշխատանքների վրա, ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ավելի քան մեկ ժամ տեւած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով նախորդ տարվա իրականացրած աշխատանքները: Նախարարը կարեւորեց նախորդ տարի գրանցված մանկական մահացությունների թվի նվազումը, նույն բարվոք վիճակն է նաեւ մայրական մահացությունների ցուցանիշում: Նախարարը խոստացավ, որ այս ցուցանիշերով չեն բավարարվելու եւ մոր եւ մանկան առողջության պահպանումը լինելու է նաեւ այս տարվա առողջապահական համակարգի առաջնահերթույթւոններից մեկը:

«2013 թվականին մանկական մահացության գծով արձանագրվել է ամենաբարվոք ցուցանիշները այս բոլոր տարիների ընթացքում: Մենք 2013-ին արձանագրել ենք 9.9 պրոմիլե մահացություն: Սա երկու անգամ պակաս է, քան ԱՊՀ երկրներում, սակայն ցավոք երկու անգամ ավելի է , քան՝ ԵՄ երկրներում: Մայրական մահացության հարցում մենք եւս առաջընթաց ենք արձանագրել: Ընդհանրապես՝ ԱՀԿ –ն խորհուրդ է տալիս մինչեւ 5 միլիոն բնակչություն ունեցող երկրներում մայրական մահացության ցուցանիշը հաշվել եռամյա կտրվածքով: Մեզ մոտ եռամյա կտրվածքով մահացության ցուցանիշը կազմում է 21.2 յուրաքանչյուր 100 հազար ծնվածների հաշվարկով: ԱՊՀ միջին ցուցանիշը 29.3 է։ Մենք այս ցուցանիշով եւս գերազանցում ենք հարեւան երկրներին»:

Դերենիկ Դումանյանը շատ արդյունավետ համարեց նորածնային սքրինինգ ծրագրով իրականարած աշխատանքները: Հետազոտությունների շնորհիվ ավելի քան երկու տասնյակ երեխայի մոտ հայտնաբերվել են տարբեր հիվանդություններ ու համապատասխան բուժում իրականացրել:

«Այն թվերը , որ ես հայտարարում են, որ մենք հայտնաբերել ենք, ես ուզում եմ տեղյակ լինեք, թեկուզ 100 հազար հետազոտություն իրականացնենք եւ թեկուզ մեկ հիվանդ երեխա հայտնաբերենք, ես դա արդեն համարում եմ հաջողված»:

Տարածքային համաչափ զարգացման հետ կապված՝ առողջապահության նախարարն ասաց, որ 2013 թ-ին ՀՀ մարզերում կառուցվել ու շահագործման է հանձնվել 13 ամբուլատորիա եւ երկու բժշկական կենտրոն՝ Աբովյանում եւ Ալավերդիում: Շինարարական աշխատանքների ընթացքում, նախարարի խոսքով, կարողացել են տնտեսել 1 միլիոն 650 հազար դոլարն համարժեք դրամ, որոնք եւս կուղղվեն մարզերում հիվանդանոցների շինարարական աշխատանքները շարունակելուն:

«2014-ին այս խնայված միջոցներով կառուցելու ենք եւս 6 ամբուլատորիաներ, որոնցից երեքը սահմանամերձ Տավուշի մարզում։ Վերակառուցելու ենք Մեծամորի պոլիկլինիկան, կառուցելու ենք Ճամբարակի հիվանդանոցը, եւս 10 շտապօգնության մեքենա կվերանորոգենք եւ կտրամադրենք հեռավոր բանակավայրերի մեր ամբուլատորիաներին»:
Նախորդ տարի, ըստ նախարարի, նախատեսվածից 820 միլիոն դրամ ավելի է ուղղվել մարզեր: Դերենիկ Դումանյանը հաջող համարեց նաեւ դեղորայքի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունը, ըստ որի՝ որոշ դեղեր ձեռք է բերվում հենց ատադրող ընկերությունից անհամեմատ ավելի էժան գնով:

«Անցած տարի մենք ինսուլինը գնեցինք դանիական դեղարտադրող ընկերությունից ուղիղ բանակցությունների միջոցով եւ բավականին խնայողություն ունեցանք. Մեկ սրվակի գինը 3.30 ցենտ՝ նախկին 12 դոլարի փոխարեն: Յուրանքանչյուր տարի միայն այս դեղորայքի գնումից կունենանք 600 միլիոն դրամ խնայողություն»:

Խնայողության շնորհիվ այլեւս չի լինի դեղի դեֆիցիտ, խոստացավ ոլորտի պատասխանատուն՝ հավելելով՝ բոլոր հիվանդները, որոնք ունեն այս դեղի կարիքը, ապահովված կլինեն 100 տոկոսով: Բացառապես անվճար բժշկական օգնություն ստացողների, կարիքավորների բալերը 36-ից իջեցվել է 30-ի, ինչը նշանակում է, որ 2014 թ-ին լրացուցիչ 270 հազար շահառու կներառվի անվճար բուժօգնություն ստացողների ցանկում: Այդ նպատակով պետությունը բյուջեյում 3 միլիարդ դրամ ավելի գումար է հատկացրել:

Խոսելով ինչպես նախորդ, այնպես էլ 2014-ի գերական ուղղություններից մեկի ՝ ստվերի կրճատման ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման խնդրից, նախարարը տեղեկացրեց, որ եթե 2010 թ-ին առողջապահության համակարգում վճարովի եւ համավճարով 10 միլիարդ դրամի մուտք է եղել, ապա 2013-ին այդ թիվը կազմել է 31 միլիարդ դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button