Քաղաքական

Հայաստանի ՄՄ անդամակցությունը հնարավոր է 2016- ին էլ չավարտվի, ասում է պատգամավորը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը հնարավոր է 2016 թվականին էլ վերջնական ավարտված չլինի: Գործընթացը շատ երկար է, հիմնավորում է ԱԺ հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Մինչեւ վերջնական անդամակցությունը Հայաստանն իր օրենքները պետք է համապատասխանեցնի այն ընդհանուր դաշտին, որում պատրաստվում է գործել: Խոսքը 100-ից 150 օրենքների մասին է, որոնք պետք է փոփոխվեն եւ ինչով առաջիկա երկու տարվա ընթացքում պետք է զբաղվի ԱԺ- ն։ Ինչ վերաբերում է որոշ վերլուծություններին, թե Մաքսային Միությունն իր հետ բերելու է թանկացումներ, ապա Մկրտիչ Մինասյանը դրանք անհիմն է համարում։

Ամիսներ առաջ, երբ բարձրանում էր պատգամավորների աշխատավարձը, նրանք խոստանում էին որպես փոխհատուցում օգնել այն մարդկանց, ովքեր խիստ կարիքի մեջ են: Այդ կարիքն այսօր զգացել են շատերը` կոմունալ վճարումներ կատարելիս, հայտնաբերել են հատկապես սպառած գազի համար աննախադեպ վարձավճարների չափը։ Արդյո՞ք խիստ կարիքավորները այս հարցով կարող են դիմել հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանին: Լրագրողների այս հարցը պատգամավորին նախ շփոթեցրեց եւ նա սկսեց խորհուրդ տալ զանգել Նոր Նորքի կամ Էրեբունու համայնքի բնակիչներին` ճշտելու, թե որքանով է արդյունավետ Մկրտիչ Մինասյանին դիմելը։

Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված հնարավոր նոր թանկացումների խոսակցությունները պատգամավորն անհիմն է համարում։ Ի դեպ` պատգամավորը ողջունում է քաղաքացիական ուժերի ակտիվությունը, բայց կառուցողական, այլ՝ ոչ թե հակառակը: Իսկ կառուցողականի չափանիշը, ըստ հանրապետական պատգամավորի, շատ հեշտ կարելի է պարզել: Պայքարող զանգվածի մեջ պատգամավորը տեսել է նաեւ քաղաքական ուժերի, որոնք «սեւը սպիտակ են ներկայացնում, իսկ սպիտակը` սեւ»: Անուններ, իհարկե, չհնչեցին:

Ցուցադրել ավելի
Back to top button