Քաղաքական

Արգելել ծխախոտը, բարձր ձայնը՝ նույնպես, ալկոհոլը՝ ոչ. երեք առաջարկ, երեքն էլ հետաձգված

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Փետրվարի 3-ին հինգերորդ գումարման Ազգային ժողովը կսկսի հինգերորդ՝ գարնանային նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանական հանձնաժողովներն այս օրերին  նիստեր են հրավիրում՝ քննարկելու  մեծ  ու փոքր օրակարգեր  ընդգրկվելիք նախագծերը: Հերթական նիստն  է  այսօր գումարել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկման օրակարգում  ընդգրկված է եղել   4 օրինագիծ,  քննարկվել է, սակայն, դրանցից  միայն մեկը: Մյուսների քննարկումը  հեղինակների առաջարկով  հետաձգվել է մինչև մեկ տարով: Ուշագրավն այս դեպքում հանգամանքն է, որ հետաձգվածները   պատգամավորների նախաձեռնություններն են,  նաև այն, որ օրակարգային 4 հարցերից 3-ը փոփոխություններ էին առաջարկում «Գովազդի մասին» օրենքում:

Միանգամից երեք առաջարկ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Մայր օրենքը թեև նույնն է, բայց տարբեր են առաջարկվող փոփոխություններն և դրանց հեղինակները։ Նախագծերից մեկի հեղինակը  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն է: Նա «Գովազդի մասին» օրենքում ընդամենը  մեկ, այսպես ասենք, հակասթրեսային փոփոխություն է առաջարկում. արգելել  գովազդի հեռարձակման ժամանակ ձայնային ռեժիմի կտրուկ բարձրացումը: Խոսքը հեռուսատատեսային գովազդի մասին է:

Այս նախաձեռնությամբ Թևան Պողոսյանը  փորձում է  նպաստել Հայաստանում նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների տարեցտարի աճող տեմպերի կրճատմանը: Այդպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, նաև ընդգծված ՝ գովազդի հեռարձակման ժամանակ ձայնի կտրուկ բարձրացումը հանգեցնում է սթրեսային հիվանդությունների զարգացմանը: 

Կառավարությունը միանշանակ ոչ պաշտպանել է և ոչ էլ մերժել օրինագիծը , նշել է, որ այն լրամշակման կարիք ունի: Իսկ ահա ԱԺ համապատասխան հանձնաժողովը, որը նույնպես պետք է եզրակացություն տար օրենքի վերաբերյալ, այն այսօր չքննարկեց: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ հեղինակի պահանջով նախագծի քննարկկումը հետաձգվել է։ «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ՝ եթե օրենսդրական նախաձեռնության հեղինակը  դիմում է հանձնաժողոսվին հետաձգելու առաջարկով, հանձնաժողովը պարտավոր է հարգել այդ առաջարկը»։

«Գովազդի մասին» օրենքում առաջարկվող մյուս փոփոխության հեղինակները հանրապետական 6 պատգամավորներն են, նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:  Այս դեպքում հեղինակները 2 փոփոխություն են առաջարկում՝ մեկը արգելող, մյուսը թույլատրող: Նախ՝  առաջարկում են օրենքով ամրագրել, որ  զանգվածային լրատվության  էլեկտրոնային միջոցներով արգելվում է ծխախոտի գովազդի ցուցադրումը, երկրորդ փոփոխությամբ՝ առաջարկում են երեկոյան ժամը 22-ից մինչև առավոտյան ժամը 6-ը թույլատրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը։

Կառավարությունը օրինագծին  բացասական եզրակացություն է տվել։ Հանձնաժողովն այսօր որոշեց հետաձգել դրա  քննարկումը, ու քանի որ նիստին մասնակցում էր հեղինակներից  միայն Արթուր Գևորգյանը, նրանից  հետաքրքվեցինք, թե ինչու են նման նախաձեռնություն ներկայացրել, ապա այն հետաձգելու առաջարկ արել: «Հակադարձումներ կան, սկսվել է առողջ պոլեմիկա, ժամանակ է պետք, որ ավելի խորն ուսումնասիրենք ու հասկանանք՝ ինչ ընթացք տալ»,- ասաց։

Նախաձեռնությունը մերժելու մեջ պատգամավորն, ի դեպ,  նաև պոպուլիզմի տարրեր է տեսնում։ «Ավելի շատ պոպուլիզմ է՝ այդ ամենի ինչի մեջ: Ասվում է չգովազդենք խմիչքը, մտածենք մատաղ սերնդի մասին: Ես համաձայն եմ, ես ինքս առողջ ապրելակերպի կողմնակից եմ: Բայց ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն գործել է պետք»։

Մեկ այլ փոփոխություն, կրկին «Գովազդի մասին» օրենքում, բայց արդեն կառավարության կողմից:  Այն այսօր հանձնաժողովի միաձայն հավանությանն արժանացավ  ու դրական եզրակացությամբ ընդգրկվեց  մեծ ու փոքր օրակարգերիի նախագիծ:  Կառավարությունն առաջարկում է ամրագրել, որ  ծխախոտի գովազդն  արգելվում է  հեռուստատեսությամբ, ռադիոյով,  զանգվածային լրատվության տպագիր միջոցներով , նաև  վահանակների, պաստառների, լուսատախտակների, ազդագրերի, պլակատների միջոցով: Այս սահմանափակումները չեն տարածվում միայն  ծխախոտային արտադրատեսակների մասնագիտացված հրատարակությունների և դրանց վաճառքով զբաղվող առեւտրային  սրահների վրա։

Կառավարության այս նախաձեռնությունը բխում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի պահանջներից: Պատգամավորները առարկություններ չունեին, բայց մի հարցադրում այնուամենայնիվ  կար։ «Խոսքը հատկապես սպորտային այն միջոցառումների մասին է, որոնք անցկացվում են ծխախոտի գովազդի ներքո։ Օրինակ՝ Ֆորմուլա 1 կամ ֆուտբոլային խաղերը: Ի՞նչ պետք է անեն հեռուստաընկերությունները»։ Հանձնաժողովի նախագահը կարծում է, որ ծայրահեղ մոտեցումներն այստեղ տեղին չեն։

Ցուցադրել ավելի
Back to top button