ԿարևորՎերլուծական

Անկարան օգտագործում է Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի նախօրյակին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանում ինչ-ինչ խմբավորումներ փորձում են սրել հայերի եւ քրդերի միջեւ հարաբերությունները` ինտերնետային կայքերով տարածելով ստահոդ հոդվածներ: Հասարակական գործիչ, թուրքագետ Սարգիս Հացպանյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ դրա հիմքում վերջին 1.5- 2 տարվա ընթացքում Քրդական բանվորական կուսակցության ազատազրկված առաջնորդ Աբդուլահ Օջալանի եւ թուրքական իշխանությունների միջեւ տեղի ունեցող «հաշտեցման գործընթացն» է: Սարգիս Հացպանյանը նկատել է, որ ամեն անգամ, երբ քրդերը թուրքերի հետ որեւէ հարցի առնչությամբ փորձում են երկխոսել, ապա այդտեղ անպայման առկա է լինում հայկական գործոնը: «Չգիտես ինչու, հայկական գործոնը նման դեպքերում միշտ բացասական է ներկայացվում եւ ոչ երբեւէ դրական»,- տարակուսել է Սարգիս Հացպանյանը:

Հասարակական գործիչ, թուրքագետ Սարգիս Հացպանյանի գնահատմամբ` քրդերը հաճախ են գործիք դառնում Թուրքիայի ձեռքին եւ սա բոլոր այն դեպքերում, երբ ինչ- որ հարցի շուրջ նրանք փորձում են խոսել ու դրանում անպատճառ առկա է լինում հայկական գործոնը: Նա նկատել է նաեւ, որ հայկական գործոնը միշտ էլ բացասական է ներկայացվել: Սարգիս Հացպանյանի խոսքով` դա շատ անհասկանալի է եւ հատկապես այն պարագայում, երբ քրդերի նկատմամբ մշտապես եղել է բարյացակամ ու դրական վերաբերմունք հայերի կողմից:

Միաժամանակ՝ հասարակական գործիչը մի եզրահանգման է եկել, թե ինչն է այդ ամենի պատճառը, ինչը, Հացպանյանի ձեւակերպմամբ, քրդական սինդրոմ է։ «Քանի որ Թուրքիայում քրդերի ապրած այդ գրեթե ամբողջ տարածքը Արեւմտյան Հայաստանն է, այսինքն` մեր բնօրրանը, որտեղից մենք ցեղասպանության պատճառով հայրենազուրկ եղանք, դա երեւի թե քրդական սինդրոմ է  առ այսօր։ Իրենք շատ լավ գիտեն, որ այն տունը, որտեղ ապրում են` իր հայրը չի կառուցել, այն հողը, որից բերք է ստանում` հայի արածն է: Այդ սինդրոմն այդ մարդկանց խանգարում է»,- ասում է Հացպանյանը։

Բանն այն է, որ արտասահմանյան թուրքալեզու կայքերից մեկը հրապարակել էր իբր հայաստանցի մի քուրդ աղջկա հոդված, որում նշվել է, թե հայերը Հայաստանից վտարում են քրդերին, իրականացնում բռնի կրոնափոխություն: Գնալով այդ հոդվածի հետքերով` Սարգիս Հացպանյանը պարզել է, որ հայաստանցի որեւէ քուրդ աղջիկ նման հոդված ու նման փաստեր չի հրապարակել: Բողոքել է կայքէջին, որից հետո նույն հոդվածը հրապարակվել է այլ հեղինակի անունով։

«Այստեղ ես դիմեցի տարբեր քրդական կազմակերպությունների, որ հերքեն կամ հաստատեն` «ձայն բառբառոյ յանապատի», բացառությամբ` 8 եզդիական կազմակերպությունների, որ ՀՀ-ում դատապարտեցին, հերքեցին` ասելով, որ նման բան երբեք չի եղել: Նույն լրատվական գործակալությանը խնդրեցինք հերքումը հրապարակել` մինչեւ հիմա չի տպագրվել»։

Հասարակական գործիչ, հրապարակախոս, թուրքագետ Սարգիս Հացպանյանը նշեց նաեւ, որ քրդալեզու եւ թուրքալեզու մի շարք կայքէջերում անհիմն ու կոպիտ աղավաղումներով հոդվածները բացառություն չեն: Նա օրինակներով նաեւ փաստեց մի շարք այլ նման հոդվածներ, որոնցում շեշտվում է, թե Հայաստանում եւս քրդերին հալածում են, բանի տեղ չեն դնում: Նման խեղաթյուրումների պատճառները հասկանալու համար Հացպանյանին հաջողվել է կապվել մի հոդվածի հեղինակի հետ, որն իբրեւ պատճառ իր կատարած կեղծարարությունների ասել է հետեւյալը. «Մենք թուրքերի հետ հաշտեցման ճանապարհն ենք բռնել` հայերը խանգարում են»։

Քրդերը մշտապես թուրքերի ձեռքին գործիք են եղել եւ նման սցենարների պատվիրատուն ու խաղարկողը Թուրքիան է, շեշտեց Սարգիս Հացպանյանը: Նա համոզված է, որ նման ստահոդ ու խեղաթյուրումներով լեցուն հոդվածները Անկարայում ծրագրված սցենարի բաղկացուցիչ մասն են` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Այս անգամ քրդերին մեջտեղ բերելով՝ փորձ է արվում հայությանը պախարակել եւ ինչ-որ բան հրահրել հենց Հայաստանում բնակվող քրդերի կողմից, համոզված է Հացպանյանը: Նա կարծում է, որ հայկական հասարակական կազմակերպությունները, քաղաքական հատվածը, պետությունը, կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունները Հայաստանում թե Սփյուռքում պիտի արձագանքեն այդ ամենին` թույլ չտալու համար, որ Թուրքիան հաջողի իր ժխտողականությանը զուգահեռ բացել ստի ու կեղծիքի երկրորդ ճակատ, արդեն` քրդերի միջոցով:

Քրդերը պիտի հասկանան, որ քանի դեռ հայկական հարցը չի լուծվել` հանրապետական Թուրքիայում չի կարող որեւէ այլ հարց լուծում ստանալ: Սարգիս Հացպանյանը կարծում է, որ այդ ամենի մասին լրջորեն պետք է մտածեն  եւ տարատեսակ զեղծարարությունները կանխեն նաեւ քրդերն ու քրդական կազմակերպությունները, մինչդեռ` առայժմ որեւէ արձագանք չկա:  

Ցուցադրել ավելի
Back to top button