ԿարևորՀասարակություն

Վարդան Հովհաննիսյան.«Պատերազմում շատ բան ես կորցնում, բայց ես ձեռք բերեցի մի բան, որը գին չունի, դա հայրենիքի զգացողությունն է»

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Մենք բոլորս էլ գիտակցում էինք, որ այդ պատերազմը մեզ պարտադրված, բայց անհրաժեշտ պատերազմ է, և միակ տեղը, որտեղ մենք կարող էինք փախչել, դա առաջին գիծն էր: Մեր պայքարը միակ հնարավոր և ճիշտ ճանապարհն էր՝ պահպանելու այն, ինչ գտնվում էր այդ գծից այս կողմ ու կոչվում էր հայրենիք: Պատերազմում շատ բան ես կորցնում, բայց ես, օինակ, ձեռք բերեցի մի բան, որը գին չունի, դա հայրենիքն է, ավելի ճիշտ՝ հայրենիքի զգացողությունը»,-«Ռադիոլուր»-ի զրուցակիցը կինոօպերատոր Վարդան Հովհաննիսյանն է, արցախյան գոյամարտի անմիջական մասնակիցն ու նաև վավերագրողը: Թշնամու փամփուշտների տակ իրականացված նրա նկարահանումների ու ֆիլմերի շնորհիվ ենք նաև այսօր հաղորդակիցը դառնում մեր հերոսական էջի տարբեր մանրամասներին, այսօրվա մեր հպարտությունը դարձած հայկական բանակի առաջին սխրանքներին:

1991-ին ազգային շարժումն աստիճանաբար վերածվում էր պատերազմի, երբ Վարդան Հովհաննիսյանն իր տեսախցիկով հայտնվեց Գետաշենում ու Մարտունաշենում, որտեղ արդեն իրական պատերազմն էր խորդհրդային հզոր զինտեխնիկայի դեմ: Այնտեղ էր Թաթուլ Կրպեյանն ՝ իր ջոկատով, Սիմոն Աչիկգյոզյանը՝ Դեդ մականունով, «Արաբո» ջոկատի տղաները: «Բոլորին նկարել եմ, բայց՝ հիմականում թիկունքից»,-պատմում է Վարդան Հովհաննիսյանը:

«Այն ժամանակ դեռ գոյություն ուներ խորհրդային ՊԱԿ-ը: Եվ չմոռանանաք, որ այն ինչ այսօր կոչում ենք «Ազատագրական բանակ», այն ժամանակ համարվում էր զինված անօրինական կազմավորում: Խորհրդային ղեկավարության համար մեր տղաները պարզապես զինված ծայրահեղականներ էին ու գրոհայիններ: Ահա թե ինչու և՛ Թաթուլին, և՛ Սինոնին, և՛ Արթուրին, որը Թաթուլի օգնականն էր, հիմնականում նկարել եմ թիկունքից: Դա նրանց անվտանգության համար էր»:

Նրա տեսախցիկն այն ժամանակ հասցրեց վավերացնել նաև տխրահռչակ «Օղակ» գործողության մի շարք դրվագներ: Խորհրդային զորքն ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ, իբր փաստաթղթերի ստուգման պատրվակով, մտել էր Գետաշեն: Հայերն անտեղյակ էին, որ նրանք ունեն Գետաշենի հայաթափման հրաման: Մերոնք անգամ զինված չէին, քանի որ զենքը թաքցրել էին:

«Նրանց իրական մտադրությունը կռահելով Թաթուլը հանկարծ մի զարմանալի քայլ կատարեց, նռնակը ձեռքում պահած, ցատկեց ԲՏՌ-ի վրա ու ռուս սպային ամուր թափահարելով բղավեց՝ եթե զորքը ետ չքաշեք, կպայթեցնեմ նռնակը: Ես այդ պահին հասկացա, որ Թաթուլի համար ամեն ինչ ավարտված է, բայց շարունակում էի նկարել: Այդ իրադարձությունից հետո ես շատ կարևոր մի դաս քաղեցի՝ եթե ունես կամքի ուժ ու պատրաստ ես գնալ մինչև վերջ, ուրեմն կարող ես հաղթել»:

Իր հերոսական քայլով Թաթուլն այդ օրը զոհվեց, բայց փրկեց շատերի կյանքը: Ադրբեջանական օմոնն իսկապես ետ քաշվեց: Գետաշենը հայաթափվեց, բայց զոհեր, համեմատաբար, քիչ եղան: Երկու օր անց հայտնի դարձավ, որ Մարտունաշենում զոհվել է նաև Սիմոն Աչիկգյոզյանը, որն «Արաբո» ջոկատի հետ մարտնչել ու թույլ չէր տվել, որ թշնամին գյուղ մտնի: «Սիմոնը գիտնական էր, ֆանտաստիկ մի անձնավորություն, չափազանց զուսպ, պարկեշտ, հոգևոր երգեր էր երգել «Նարեկ» երգչախմբում: Նա բռունցքի մեջ էր պահում իր ջոկատը, բայց ոչ թե ուժով, այլ իր հեղինակությամբ, պարկեշտությամբ»,-պատմում է զրուցակիցս:

«Օղակ» գործողության ժամանակ կատարած նրա բոլոր տեսագրությունները, ցավոք, անհետացել են, երբ գերի է ընկել: Գործողությունից հետո Վարդան Հովհաննիսյանը մասնակցում էի գերիների փոխանակման գործընթացին, գնում էր ադրբեջանցիների հետ բանակցությունների, պայմանավորվածություններ ձեռք բերում: Բանակցությունների վերջին օրը նրան ասում են, որ դրանք այլևս ավարտված են, Հովհաննիսյանին ձերբակալում են ու տեղափոխում Գանձակի բերդ: Երկու ամիս այնտեղ պահելուց հետո փոխանակում.«Պատերազմի ժամանակ շատ հաճախ մարդուն այցելում է փախչելու ցանկությունը: Բայց մեր պատերազմում դա անհնար էր, քանի որ ինքդ քեզնից փախչել չես կարող: Մենք բոլորս էլ գիտակցում էինք, որ այդ պատերազմը մեզ պարտադրված, բայց անհրաժեշտ պատերազմ է, և միակ տեղը, որտեղ կարող էինք փախչել, դա առաջին գիծն էր»:

Մեր պայքարը միակ հնարավոր և ճիշտ ճանապարհն էր՝ պահպանելու այն, ինչ գտնվում էր այդ գծից այս կողմ ու կոչվում էր հայրենիք, ասում է Վարդան Հովհաննիսյանը:

2002 թվականին նա նկարահանեց «Մարդկային պատմություն պատերազմի-խաղաղության օրերից» ֆիլմը, որը բազմաթիվ մրցանակներ բերեց հեղինակին: Իսկ ֆիլմի գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ պատերազմն արդեն անցյալում էր և ցանկություն կար անգամ ոչ թե մոռանալու այդ պատերազմի մասին, այլ մի տեսակ ետ մղելու հիշողությունները՝ կյանքի նոր փուլ սկսելու համար:

«2002 թվականն էր, տղաս, որը ծնվել էր պատերազմից հետո և արդեն վեց տարեկան էր, մի անգամ պատահաբար տեսավ զինվորական իմ համազգեստը: Դա նրա համար նորություն էր, քանի որ պատերազմի թեման մեր տանը գրեթե երբեք չէր շոշափվում: Սկսեց հարցեր տալ՝ հայրիկ, դու զինվո՞ր ես եղել: Ու ես հասկացա, որ ստիպված եմ ու պարտավոր եմ վերադառնալ պատերազմի թեմային, որպեսզի իմ, իմ ընկերների, մեր բոլորի զավակները հասկանան, որ պատերազմն այն չէ, ինչ տեսնում են Շվարցնեյգերի ֆիլմերում, հասկական, որ պատերազմը ծանր աշխատանք է, հասկանան՝ ինչ է հայրենիքը: Երբ սառնամանիքին ժամերով գամվում ես խրամատում և գնդակները սլանում են դեպի քեզ, գիտակցում ես, որ այդ խրամատը կարող է դառնալ քո գերեզմանը, բայց միաժամանակ ամուր սեղմվելով այդ խրամատում, կառչելով հողին, որի վրա կանգնած ես, հասկանում ես, որ դա քո հայրենիքն է, որի համն այդ պահին իսկապես զգում ես»:

«Պատերազմում շատ բան ես կորցնում, բայց ես այնտեղ ձեռք բերեցի մի բան, որը գին չունի, դա հայրենիքն է, ավելի ճիշտ՝ հայրենիքի զգացողությունը: Պատերազմն իմ մեջ ամրագրեց պատկանելիության զգացողությունը Հայաստան կոչվող հայրենիքին»: Վարդան Հովհաննիսյանն ասում է, որ պատերազմն իրեն նաև արժեքներ տվեց. կան բաներ, որոնք երբեք իրեն թույլ չի տա, որովհետև նույնը կանեին նաև Թաթուլը, Դեդը, զոհված իր մյուս ընկերները: Չես կարող սրիկայություն անել նրանց հիշատակի առաջ, ովքել մինչև վերջ ապրեցին արդար ու զոհվեցին հանուն արդարության, ասում է Վարդան Հովհաննիսյանը:

Back to top button