ԿարևորՀասարակություն

Սերժ Սարգսյան.«Հայոց բանակն ամեն օր ապացուցում, որ թշնամու հոխորտանքները ոչինչ չարժեն»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայոց բանակը մեր երկրի առաջին եւ մեծագույն ձեռքբերումն է: Սա արդեն փաստ է եւ պատմական ճշմարտություն: Բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորանքի ուղերձում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ դա չի նշանակում, թե բանակաշինությունը կորցրել է իր արդիականությունը: Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Նախագահի հրամանագրերով մեդալներով են պարգեւատրվել նաեւ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբին հետ մղած զինվորները:

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական զինուժի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը կասեցրած եւ հակառակորդին ետ մղած փոքրաթիվ զորախմբի զինվորներն այսօր նախագահի նստավայրում էին: ՀՀ նախագահի հրամանագրով նրանք պարգեւատրվեցին հայրենիքի սահմաների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաեւ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար:

Հերոսաբար նահատակված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի պարգեւը հանձնվեց նրա ծնողներին: Արմեն Հովհաննիսյանի մայրը` տիկին Մարինան ասաց, որ վշտի ու հպարտության զգացողությունն են իր մեջ միախառնվել իրար: Տիկին Մարինան ասաց, որ բանակի տոնը համարում է բոլորի տոնը եւ հայ զինորին ու հատկապես դիրքերում կանգնածներին շնորհավորեց որդու խոսքերը վերհիշելով ու մեջբերելով:

Նախագահի պարգեւին արժանացան նաեւ Արմեն Հովհաննիսյանի զինակից ընկերները, որոնց գործողությունների շնորհիվ նաեւ թշնամու դիվերսիոն խումբը ետ շպրտվեց հայրենի հողից: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհունակություն հայտնեց, որ թե Արմեն Հովհաննիսյանը, թե մյուս տղաներն ու դիրքի հրամանատարը գործել են անհրաժեշտ ձեւով` համախմբված ու փոխկապակցված գործողություններով ետ շպրտելով թշնամուն:

Նախագահի հրամանագրով բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ այսօր պարգեւատրվեցին նաեւ իրենց ծառայությամբ աչքի ընկած մի խումբ այլ զինծառայողներ: Շնորհավորելով բոլոր պարգեւատրվածներին` նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, որ համախմբվածությունն է համաժողովրդական ուժը, որից հակառակորդն զգուշանում է եւ վախենում:

Նախագահը նկատեց, որ արդեն 2 տասնամյակ է անցել զինադադարից, սակայն մենք ապրում ենք «ոչ պատերազմ», «ոչ խաղաղություն» իրավիճակում, ինչը թեպետ բարդագույն վիճակ է ցանկացած բանակի համար, սակայն, մեր բանակը պատվով է կատարում իր առաքելությունը: Գերագույն գլխավոր հրամանատարը նկատեց, որ հայոց բանակն ամեն օր է ապացուցում, որ հակառակորդի հոխորտանքները ոչինչ չարժեն, քանի որ սահմանին կանգնած ու կանգնելու է պատրաստված ու գիտակից հայ զինվորը:

Ցուցադրել ավելի
Back to top button