ԿարևորՔաղաքական

Լոս Անջելեսը ճանաչեց Արցախի անկախությունը՝ միջազգային հանրությանը կոչ անելով նույնը անել

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այդ կոչը ամերիկյան մեգապոլիսի ղեկավար մարմնի անդամներն արձանագրել են բանաձևում, որը հեղինակել է քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը: Փաստաթղթում նշված է, որ Լոս Անջելեսի ղեկավար մարմինը ճանաչում է  Արցախի դինամիկ զարգացող, անկախ և ինքնիշխան հանրապետությունը, որն ունի հազարամյակների երկար պատմություն և հայ ժողովրդի պատմության ու մշակույթի համար նվիրական վայր է։

Արցախի Հանրապետությունը անկախությունը հռչակել է 1991թ դեկտեմբերի 10-ին երկար պայքարից հետո, որը, որոշ առումներով, շարունակվում է մինչև այսօր, ասված է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի բանաձևում։ Ամերիկացի գործիչները արձանագրել են նաև, որ անցած 2 տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետությունը պատերազմի, կոտորածների, տնտեսական խնդիրների և այլ մեծ դժվարությունների պայմաններում ցուցաբերել է համառություն և հաստատակամություն, հավատարիմ մնացել իր ժողովրդին, պահպանել անկախությունը, նպաստել կովկասյան տարածաշրջանի կայունությանը, միաժանակ փոփոխություններ բերել տարածաշրջան` կազմակերպելով ազատ և արդար ընտրություններ, որոնք օրինակ են դարձել տարածաշրջանի մյուս երկրների համար։

Բանաձևում ամրագրված է նաև, որ 2012 թվականի ապրիլի 24-ին քաղաքային խորհուրդը Լոս Անջելեսը և Շուշին հռչակել է բարեկամ- քաղաքներ: Սա Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի` Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունքի առաջին արտահայտությունը չէ: Դեռևս 2010թվականին ԱՄՆ մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավար մարմինը հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ Արցախի նախագահ Բակո Սահակյանի: Ամերկացի գործիչներն այդ օրը հռչակագիր հանձնեցին Արցախի նախագահին, որում ամրագրել էին պատրաստակամությունը` սատարել ժողովրդավարության ճանապարհով կայուն զարագացող երիտասարդ պետությանն ու նրա ժողովրդին:

Փոլ Գրիգորյանի հեղինակած նոր բանաձևը վերահաստատում է այդ պատրաստակամությունը: Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները փաստաթղթում նշել են` «Արցախի Հանրապետությանն ու իր ժողովրդին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում, և շարունակական հաջողություններ և միջազգային հանրությանը կոչ անում ճանաչել Արցախի անկախությունը` իբրև ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»:

Ցուցադրել ավելի
Back to top button