Հասարակություն

Սահմանային լարվածությունը նպաստում է հասարակության միասնությանը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի լարվածության, հասարակական ընդվզումների, պատերազմական վախի, զինվորի մահի ու դրանց հետևանքով առաջացած հոգեբանական վիճակի մասին է այսօր խոսել հոգեբան Կարինե Նալչաջյան: Հոգեբանը նկատել է, որ թեև տեղի ունեցածը շատ ցավալի է, այնուամենայնիվ ունի նաև իր դրական կողմը: Նման իրավիճակներում հասարակությունը մի կողմ է դնում իր սոցիալական և ներքաղաքական խնդիրները ու դառնում է միասնական: Բանակի օրվան ընդառաջ հոգեբանը անդրադարձել է նաև ոչ կանոնադրական հարաբերություններին  ու դրանց հետևանքներին:

Թշնամի ունենալը, իհարկե, վատ է: Բայց երբ դու պաշտպանված ես՝ թշնամին հասարակության վրա կարող է նույնիսկ դրական ազդել` նպաստել ազգի միասնականությանը, անդրադառնալով ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին, նկատեում է Կարինե Նալչաջյանը:

Նա շփման գծում վերջին դեպքերից հետո ոչ միայն հասարակական տրամադրության փոփոխություն, այլև լուսաբանման նոր որակ է նկատում՝ բնորոշելով այն «խրամատային»։

Իհարկե՝ այս ամենի հետ զուգահեռ չպետք է մոռանալ նաև այդ ամենի կոնտրոնում գտնվող և սահմանը պահող զինվորների ապրումների մասին: Նրանք, իհարկե, հոգեբանական շատ լուրջ ապրումների միջով են անցնում, նշեց հոգեբանը՝ միևնույն ժամանակ ավելացնելով, որ տագնապի ու վախի զգացողությունը ժամանակի ընթացքում պարզապես բթանում է սահմանը պահող զինվորների մոտ:

Այդուհանդերձ` որքան էլ սահմանապահ զինվորները սառը դատեն, նրանց պարզապես անհրաժեշտ է հոգեբանի հետ շփումը: Թեև Զինված ուժերում հոգեբաններ կան և հոգեբանի ինստիտուտը կայացած է, այնուամենայնիվ նրանց բոլորին անհրաժեշտ է մասնագիտական անհատական լուրջ օգնություն, կարծում է Նալչաջյանը։

Իսկ ահա բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների մասին հոգեբանը կարծում է, որ նման վարքագիծը միայն բանակում չէ, որ կա, այլ կա նաեւ մեր առօրյայում։

Ցուցադրել ավելի
Back to top button