ԿարևորՀասարակություն

Մեդալներով պարգեւատրվեցին ադրբեջանական վերջին դիվերսիոն խմբին հետ մղած զինվորները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ պաշտպանության նախարարությունում այսօր կայացել է պետական եւ ուժային կառույցների գերատեսչական պարգեւների հանձնման հանդիսավոր նիստ: Պաշտպանության նախարարի հրամանագրերով մեդալներով են պարգեւատրվել նաեւ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբին հետ մղած զինվորները:

Իր շնորհավորական խոսքում անդրադառնալով բանակի անցած 22-ամյա ուղուն` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն շեշտեց, որ բանակը կայացել է նվիրյալների շնորհիվ: Հայոց բանակը կարողացել է իր անցած ճանապարհով արժանանալ օտարների հարգանքին, վաստակել հայ ժողովրդի սերն ու վստահությունը, քանի որ դարձել է խաղաղության եւ կայունության պահպանման խոշորագույն երաշխիքներից մեկը: Բազմազգ ուժերում աշխարհի թեժ կետերում խաղաղապահ առաքելությամբ ու բազմազգ 10-յակից ավելի զորավարժություններին մասնակցությամբ հայ զինվորը կարողացել է բարձր պահել մեր բանակի եւ երկրի պատիվը: Այդ ամենն իրողություն է դարձել համատեղ ջանքերի շնորհիվ` արձանագրեց պաշտպանության նախարարը: Նրա խոսքով` արատավոր երեւույթներն էլ անհնար է մեկ օրում վերացնել, սակայն` հետեւողական աշխատանքով, հասարակության աջակցությամբ դա հնարավոր է լիովին: Դա պետք է անել, որ արտակարգ պատահարները չստվերեն բանակի բարի համբավը, վաղուց դրա ժամանակն է եւ նախարարությունը լրջորեն պայքարելու է արատավոր բարքերի դեմ` շեշտեց նախարարը:

Սեյրան Օհանյանը միաժամանակ նկատեց, որ պետք է ճիշտ ընկալել բանակի դեմքը, ինչն ամենեւին կապ չունի անընդունելի այդ երեւույթների հետ: Բանակի 22-ամյակի առթիվ պաշտպանության նախարարի հրամանով այսօր մեդալներով պարգեւատրվեցին նաեւ ադրբեջանական վերջին դիվերսիոն խմբին արիաբար ետ մղած զինվորներն ու նրանց անմիջական հրամանատարները` մայոր Մնացական Ավագյանը, լեյտենանտ Արման Հովհաննիսյանը, շարքայիններ` գնդացրորդներ Էդիկ Դադամյանը, Մխիթար Վարդանյանը, Հրայր Ղամբարյանը, նռնակաձիգներ Սասուն Հակոբյանը, Արսեն Հարությունյանը, Արտակ Շիրվանյանը, Արթուր Օհանյանը, շարքային-պայմանագրային նշանառու Դավիթ Իսրայելյանը, ավագ հրաձիգ, շարքային Ռաֆայել Ավդալյանը:

Նկատելով, որ տղաները Ղարաբաղի եւ Հայաստանի տարբեր շրջաններից են` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արձանագրեց` միասնությունն ու համախմբվածությունն է մեր ձեռքբերումների եւ հաղթանակների հիմնական գրավականը: Նախարարը կոչ արեց ամենուր պահել այդ ոգին:

Ցուցադրել ավելի
Back to top button