Քաղաքական

Կիրո Մանոյան. Վաղուց ժամանակն է, որ ԼՂՀ- ն մասնակցի բանակցություններին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Վաղուց ժամանակն է, որ ԼՂՀ-ն որպես լիիրավ կողմ մասնակցի բանակցություններին, իսկ մեր դիվանագիտությունը պետք է լինի նախաձեռնողական: Հայաստանը պետք է սկսի քայլեր ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում»,- այսօր հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Դաշնակցական գործիչը շեշտել է, որ Ադրբեջանի նպատակը բանակցությունները տապալելն է, քանի որ դժգոհ է բանակցային ներկա գործընթացից։

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ բանակցություններն այս կերպ շատ հեռու գնալ չեն կարող և վաղուց ժամանակ է, որ ԼՂՀ-ն որպես լիիրավ կողմ մասնակցի բանակցություններին, իսկ միջնորդ կողմերն էլ պետք է  հանդես գան որպես զսպող մեխանիզմ՝ Ադրբեջանին թույլ չտալով նման վարքագիծ դրսևորել, այսօր լրագրողների հետ հանադիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար  Կիրո Մանոյանը:

Վերջինս վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ եկել է այն եզրահանգման, որ հայկական դիվանագիտությունը փոխելու անհրաժեշտություն կա  և դա հատկապես ակնհայտ զգացվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո, երբ Ադրբեջանը հրադադարը խախտեց և դիվերսիա իրականացրեց։ Նա շեշտեց, որ Արեւմուտքի «հավասարակշռված մոտեցումը մեղսակցություն է Ադրբեջանի քաղաքականությանը և դրա համար պետք է Ղարաբաղի լիիրավ մասնակցությունն ապահովվի»:

Կիրո Մանոյանի համոզմամբ՝ թեև Ադրբեջանը պատերազմ չի ուզում սկսել, բայց պատերազմի վերսկսման հավանականությունը մեծանում է այն ժամանակ, երբ շփման գծում խախտվում է զինադադարը։ Մանոյանը լավ գիտի, որ Ադրբեջանի նպատակը բանակցությունները տապալելն է, որովհետև այդ երկիրը դժգոհ է բանակցությունների առ այսօր շարունակվող ընթացքից: Անցնող 14- 15 տարիների ընթացքում միջազգային հանրությունը, հանձինս համանախագահող երկրների, հասկացավ, որ հնարավոր չէ Լեռնային Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանի կազմ, ասում է դաշնակցական գործիչը։

Ըստ նրա՝ մեր դիվանագիտությունը պիտի լինի շատ ավելի նախաձեռնողական, և այլևս մենք քայլեր պիտի ձեռնարկենք` Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար: Պետք է քայլեր ձեռնարկել նաև, որպեսզի միջազգային հանրությունը պարտավորութուն ստանձնի և ստիպի Ադրբեջանին հարմարվել իրողությունների հետ։ 

Ցուցադրել ավելի
Back to top button