Վերլուծական

Արդյո՞ք «Ժնեւ 2»- ը կդառնա սիրիական հակամարտության վերջին սկիզբը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Արդեն չորորդ տարին Սիրիայում կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև ռազմական հակամարտության արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվել է ավելի քան 130 հազար մարդ, ավելի քան 3 մլն սիրիացի դարձել է փախստական: Սիրիական ճգնաժամի լուծմանը միտված Շվեյցարիայում անցյալ շաբաթ մեկնարկած «Ժնև 2» միջազգային համաժողովում այսօր կողմերը սկսում են քննարկել իշխանության փոխանցման հարցը: Եթե ընդդմադիրները պնդում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի անհրաժեշտության մասին, ապա իշխանությունների ներկայացուցիչները առաջ են քաշում ահաբեկչության դեմ պայքարի հարցերը:

Նախօրեին կողմերը հասել են համաձայնության, ըստ որի՝ կանայք և երեխաները կարող են լքել Հոմս քաղաքը, որտեղ վերջին ամիսներին չեն դադարում ծանր մարտերը, լրագրողներին հայտնել է բանակցություններին մասնակցող Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը:  «Եթե Հոմսի ահաբեկիչները թույլ կտան կանանց և երեխաներին լքել քաղաքը, ապա մենք անմիջապես կբացենք նրանց համար միջանցքներ։ Ավելին՝ կապահովենք նրանց ապաստարանով, դեղորայքով և այն ամենով, ինչ հարկավոր է առօրյայում»,- ասել է։

Դիտորդներն արդեն արձանագրել են կողմերի միջև առկա ֆորմալ փոխադարձ հարգանքը, սակայն փոխվստահությունը բացակայում է: Ընդդիմության պահանջները ներկայացրել է Սիրիական ազգային դաշինքի անդամ Լուայ Սաֆին: «Մենք կխոսեն բռնապետությունից դեպի ժողովրդարություն անցման մասին: Պարզ է, որ ռեժիմը  այս հարցում ոգևորված չէ՝ ձգտելով հետաձգել այդ պահը: Նրանց մարտավարությունը կայանում է տեղեկատվութան մանրամասների պարզելը, որը հնարավոր չէ ստուգել»,- ընդգծում է նա։

Դռնփակ վարվող բանակցություններում  կողմերը կարևոր հարցերում դեռևս պատրաստ չեն գնալ փոխզիջումների: Մյուս կողմից՝ թեժացող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել հակամարտության միջազգայնացմանը, նկատում է արաբագետ  Արաքս Փաշայանը:

Սիրիայի իսլամացմանն են ձգտում Սաուդյան Արաբիան և Կատարը, որոնք ծայրահեղական բազմազգ վարձկան գրոհայինների միջոցով ձգտում են հաստատել այդ երկրում շարիաթի օրենքները: Հատկանշական է, որ այս ձգտումները ընդդիմանում են ոչ միայն սիրիական իշխանությունները, այլ նաև չափավոր ընդդիմությունը՝ ի դեմս «Ժնև 2» միջազգային համաժողովին մասնակցող Սիրիական ազգային դաշինքի:

Ի դեպ՝ ծայրահեղականները հրաժարվել են խնդրի կարգավորման բանակցային ձևաչափից՝ նախընտրելով բռնությունների և տարաբնույթ դաժանությունների ճանապարհը: Արդեն իսկ արձանագրվում են դեպքեր, երբ ռազմական գործողությունները ծավալվում են հենց ծայրահեղական իսլամիստ վարձկանների միջև: Դրանց թվում են ինչպես աֆղան մոջահեդները, այնդպես էլ չեչեն և ադբրբեջանցի գրոհայինները։

Հայ փորձագետը չբացառեց, որ իսլամիստների դեմ պայքարը միավորի իշխանական և չափավոր ընդդիմադիր ուժերին: Ինչևէ՝ սիրիական պատերազմից տուժում է և նոսրացող հայ համայնքը, որն անվտանգության ապահովման խնդիր ունի:

Ցուցադրել ավելի
Back to top button