Մշակույթ

«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր» թանգարանի տնօրենը ամփոփում է 2013- ը, նաեւ խոսում դեկտեմբերյան միջադեպից

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր» հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել իր աշխատանքային գործունեության ընթացքում թանգարանում տեղ գտած դրական փոփոխությունները: Վերջին տարիներին համալրվել է թանգարանային ֆոնդերը, բարելավվել են պահոցները, կազմակերպվել են տարբեր թեմատիկ ցուցադրություններ, բարեկարգվել է հուշահամալիրի տարածքը: Կարեն Արիստակեսյանն անդրադարձել է նաև դեկտեմբերին  թանգարանում  տեղի ունեցած միջադեպին, հանցակազմի բացակայության պատճառով քրեական գործ չի կազմվել, աշխատակիցները շարունակում են աշխատել նույն հաստիքներով.

«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր» հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի հետ լրագրողների հանդիպումն սկսվեց փոքրիկ էքսկուրսից թանգարանի տարածքով, որտեղ ներկայացված են տարբեր ցուցադրություններ ոչ միայն կտավների ու  գոբելենների վրա, այլ նաև տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Տնօրենը առաջին անգամ թույլատրեց   ցուցադրել այն պահոցները, որոնք 35 տարվա ընթացքում առաջին անգամ էին նորոգվել և որտեղ պահպանվում  և մշակվում են թանգարանային բարձրաժեք նմուշները:

Հնագիտության պահոցում խնամքով պահված էին մ.թ.ա. 2000 թ. գտածոները՝ ընդհանուր թվով  73946 առարկա։ Գորգերի, կարպետների, ջեջիմների ու ջվալների պահոցներում կա  8500 հավաքածու, որտեղ պահպանվում է  կայուն  ջերմաստիճան 18-22 աստիճան  և 55 աստիճան խոնավություն: Թանկարժեք մետաղների ու բյուրեղապակու պահոցները մետաղական պահարաններ են, որտեղ պահված իրերը հարգորոշված են, կշռված, իսկ ֆոնդապահն էլ խիստ հսկողություն է սահմանում իրեն վստահված հնագույն արժեքների վրա:

Թանգարանի տնօրեն  Կարեն Արիստակեսյանը  թանգարանի գործունեությանը հրապարակավ առաջին անգամ է անդրադառնում, քանի որ ցանկացել է լուծել թանգարանում կուտակված բազմաթիվ խնդիրները։ 2008-ի առաջին կիսամյակից թանգարանը մարել է  պարտքերը, բարձրացվել է աշխատավարձը, ավելացել են ցուցանմուշները։ Դրանք իրենց հերթին նպաստել են այցելուների թվի աճմանը:  Եթե 2008 թ. Սարադարապատի հուշահամալիր այցելել 12000 մարդ, ապա անցած տարվա կտրվածքով  այն կրկնակի ավելացել է՝ հասնելով 25000-ի:

Վեց տարվա ընթացքում բարեկարգվել է Սարդարապատի հուշահամալիրի շուրջ 31 հա կանաչապատ տարածքը:  Թանգարանում 2008 թվակիանին իրականացվել են նորոգումներ   պետական բյուջեից հատկացված  229 մլն դրամով։ Հուշահամալիրի տարածքին կից կա արհեստական լիճ, որն  առաջիկայում կընգրկվի հուշահամալիրի կազմում և կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

2015 թվականին լրանում է Մուսա լեռան հերոսամարտի 100- ամյակը, այս կապակցությամբ  ստեղծվելու  է կառավարական հանձնաժողով, արդեն կա միջոցառումների ծրագիրը։ 1918 թվականին էլ նշվելու Սարդարապատի հերոսամարտի 100- ամյակը:  Թանգարանում ներդրվելու են նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով հնարավոր կլինի արդիականացնել պատմական ցուցադրությունները՝ հնչյունային վերարտադրությամբ:

Կարեն Արիստակեսյանը տեղեկացրեց, որ այս տարվանից  ուժերը ներդնելու է գիտական աշխատանքի վրա, քանի որ տնտեսական դժվարությունները հաղթահարվել են. գիտական նոր հոդվածներ, հրատարակումներ, համալրել  գրադարանային ֆոնդը և այլն:  2012թ-ից թանգարանն անդամակցում է Թանգարանների միջազգային խորհրդին:

Ինչ վերաբերում է անցած տարվա վերջին թանգարանում առկա անառողջ մթնոլորտին, որն ունեցավ իր բացասական հետևանքները` քաշքշոցի մեջ գցելով թանգարանի աշխատակիցներին, Կարեն Արիստակեսյանը նշեց, որ վեճն աշխատանքային բնույթ է կրել, հանցակազմի պատճառով էլ գործ չի հարուցվել։

Ցուցադրել ավելի
Back to top button