Հասարակություն

Սամվել Հարությունյան.«Քենդլ»-ի ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

2013 թվականը բավականին հաջող տարի էր Գիտության ոլորտի համար: Տարին բարեհաջող էր ինչպես օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, այնպես էլ մրցույթների անցկացման աննախադեպ մեծ թվով: Դե իսկ մրցույթների անցկացման նորությունն այն էր, որ առաջին անգամ դրանք կազմակերպվել են օն-լայն տարբերակով: 2013 թվականին գիտության պետական կոմիտեի գործունեության, ձեռքբերումներին, իրավական դաշտում տեղի ունեցած փոփոխությունների և միջազգային համագործակցության մասին է խոսել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա հայտնել է, որ տարին հաջող էր նաև «Քենդլ» նախագծի համար:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը գոհ է կոմիտեի նախորդ տարվա ձեռքբերումներից: Խոսելով մասնավորապես իրավական դաշտում տեղի ունեցած փոփոխությունների մասին` նա առանձնացնում է «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծը, որն ընդունվեց ԱԺ-ում առաջին իսկ ընթերցմամբ: Կարևորելով օրենսդրականա այս նախաձեռնությունը` Սամվել Հարությունյանը գտնում է, որ այն կնպաստի ինչպես միջազգային մակարդակին համապատասխան նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը, այնպես էլ գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը: Կարևոր ձեռքբերումներից Սամվել Հարությունյանն առանձնացնում է նաև «Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը»:

Սամվել Հարությունյանը կարևորում է նաև երիտասարդ գիտնականների, գիտաշխատողների աջակցության ծրագիրը: Մրցույթին ներկայացված 51 հայտերից 30-ը ֆինանսավորվել է, ինչն ըստ գիտպետկոմի նախագահի, աննախադեպ մեծ թիվ է: Ի դեպ, բոլոր մրցույթներն անցկացվել են օն-լայն տարբերակով, ինչը մեր գիտության պատմության մեջ նորություն էր: 2013-ը բավականին արդյունավետ տարի էր նաև «Քենդլ» նախագծի համար: Կոմիտեին հաջովել է տարին ամփոփել «արեալ» արագացուցչային համալիրի գործարկմամբ:

«Քենդլ» նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են նաև 2014 թվականին, և Սամվել Հարությունյանը հուսով է, որ 2014 թվականին կընդունվի հողահատկացման վերաբերյալ կառավարության համապատասխան որոշումը: Նախատեսվում են նաև միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով մի շարք այցելություններ աշխարհի տարբեր երկրներ` այդ թվում Միացյալ նահանգներ, Չինաստան, Կոպենհագեն:

Ցուցադրել ավելի
Back to top button