Տնտեսական

Ձկնաբույծները դժգոհ են ապօրինի հորերը փակելու որոշումից. պետք է օրինականացվեն, կարծում են

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ձկնաբուծությունը Հայաստանում բնակչությանը կերակրող վաղեմի արտադրություններից էր: Այսօր, սակայն, բնագավառն ունի մի շարք հիմնախնդիրներ, ինչի պատճառով շուկայում այդ կերակրատեսակն իր գնով գրեթե չի զիջում մսամթերքներին: «Ձկնարտադրության և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանի հավաստմամբ` պատճառը պետական աջակցության բացակայությունն է:

Կառավարության որոշմամբ՝ ձկնաբուծական տնտեսություններում կոնսերվացվելու է  ապօրինի շահագործվող և  ինքնաշատրվանող 43 հոր։ «Ձկնարտադրության և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն այսօր նշեց, որ ապօրինի 567 հոր կա։ Ամեն մի հորի փակվելու համար անհրաժեշտ է 1 մլն դրամ, ուստի կառավարությունը նպատակահարմար է գտել փակել գործող ձկնաբուծական հորերը՝ օրինականացնելու փոխարեն, դժգոհում է նա:

Անցյալ տարի բնապահպանության նախարարության «Հայջուրնախագիծ» ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ձկնաբույծները ջրային պաշարներն օգտագործում են թույլատրելի չափաքանակից ավելի, և այս առումով այժմ ներկայացվել է մեծ ներդրումներ և ծախսեր պահանջող միջոցառումների ծրագիր։ Դրանք ձկնարտադրողները չեն կարող կյանքի կոչել, քանի որ այժմ գտնվում են վարկային մեծ պարտավորությունների տակ:

«Այսպիսի գործընթացների, զարգացումների խնդիրների առջև մենք ստացել ենք ավելի բարդ առաջարկներ և եթե մենք կառավարության հետ չհամագործակցենք, աառայժ մեզ համար անլուծելի է և անհնարին, մեր ուժերից վեր: ՊԵտք է կարողանանք համագործակցել և հանդես գալ մեր իծխանությունների հետ միևնույն դիրքերից, նույն շահերից»:
Խորքային հորերից առայժմ փակվել են 14-ը, իսկ մյուսների նկատմամբ էլ աշխատանքներ են ընթանում: Ըստ շրջանառվող լուրերի`ձկանարդյունաբերությամբ զբաղվում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ջրային ռեսուրսների խնայողության համար էլ նախատեսվում է նոր տեխնոլոգիաներ ներդնել։ Արտասահմանյան գործընկերների հետ քննարկումներից պարզվել է, որ դրա համար անհրաժեշտ է մոտ 150 հազար եվրո, ինչը ձկնարտադրողներն այսօր ի վիճակի չեն ներդնել։ Ըստ Արթուր Աթոյանի` մնում է, որ պետությունն ընդառաջի ձկնարտադրողներին` օրինականացնելու իրենց գործունեությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button