Հասարակություն

Ֆրանսուա Օլանդը Թուրքիայում կհանդիպի Հրանտ Դինքի այրու հետ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում հանդիպում կունենա Հրանտ Դինքի այրու` Ռաքել Դինքի հետ: Հաղորդում է թուրքական Hurriyet Daily News-ը:
Թուրքական պարբերականը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումները երկար ժամանակ լարված էին պահում հարաբերությունները Թուրքիայի ու Ֆրանսիայի միջև: 2012 թ. հունվարին ֆրանսիական սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որը, սակայն, փետրվարին հակասահմանադրական ճանաչեց երկրի Սահմանադրական խորհուրդը:

Օրինագծից զատ թուրք-ֆրանսիական հարաբերությունները լարել էին ցեղասպանության հիշատակի արարողություններն ու հուշարձանների տեղադրումը Ֆրանսիայում: Թուրքական պարբերականն ընդգծում է, որ Օլանդն Անկարայում կջանա ուղերձներ հղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված, և հենց այս զարգացումների քողի ներքո էլ տեղի կունենա Ռաքել Դինքի հետ հանդիպումը, ով ևս «աշխատում է հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացի շուրջ»: Միաժամանակ Ռաքել Դինքը «Հրանտ Դինք հիմնադրամ»-ի նախագահն է:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կայցելի 2014 թ. հունվարի 27-ից 28-ը: Ֆրանսուա Օլանդի այցը Թուրքիա պատմական է նրանով, որ այն երկրի նախագահի մակարդակով առաջին այցելությունն է վերջին 22 տարիների ընթացքում: Ֆրանսիայի նախագահի մակարդակով այցելությունը Թուրքիա վերջին անգամ տեղի է ունեցել է 1992 թ.` Ֆրանսուա Միտերանի օրոք: Օլանդը հանդիպումներ կունենա Անկարայում ու Ստամբուլում: Նախատեսվում է Օլանդի ելույթը Ստամբուլի Գալաթասարայի համալսարանում և Ֆրանսիայի պետական մրցանակի հանձնումը Ջանդան Էրչեթինին, ով հայտնի երգիչ և Գալաթասարայ սպորտային ակումբի փոխնախագահն է:
Ֆրանսիայի նախագահի` Թուրքիա կատարելիք այցի կապակցությամբ բողոքի ակցիան տեղի կունենա կիրակի` հունվարի 26-ին, Փարիզի մարդու իրավունքների հրապարակում:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button