Քաղաքական

Օրենքն ընդունվել է երեք տարի առաջ, ՀՀԿ պատգամավորը՝ կենսաթոշակային բարեփոխումների մասին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը  և դեմկուսի ղեկավար  Արամ Սարգսյանը այսօր «Հայելի» մամուլի ակումբում  քննարկվում էին  կենսաթոշակային կուտակային նոր համակարգի վատ և լավ կողմերը: Իշխող կուսակցության ներկացուցիչը հորդորեց, որ ավելի լավ է քննադատները խոսեն, «քանի որ իշխանությունն ամեն ինչ ասել է ու ավելացնելու բան չունի»:

Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանը էլ հայտարարեց, որ եթե խոսում ենք մարդու իրավունքներից, ապա այս օրենքով խախտված է արդեն մարդու իրավունքը, քանի որ նշվում է պարտադիր բաղադրիչը։ «Սա խոշոր աֆյորա է, քանի որ 25 տարի կազմակերպությունը ստանալու է գումարներ  ու ֆինանսական պարտավորություն չի ստանձնելու և ստացվելու է  հայտնի ասացվածըք. «կամ էշը կմեռնի, կամ՝ իշատերը»։

 ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը հակադարձելով նշում է, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը ընդունվել է դեռ երեք տարի առաջ` երեք ընթերցմամբ և պարտադիր բառը, որը ներառված է  օրենքում, ամենևին էլ հակասահմանադրական չէ։ «Պարտադիր կուտակայինի միջոցները հանձնելով ոչ թե ՀՀ կառավարությանը կամ Կենտրոնական բանկին, այլ արտասահմանյան ֆոնդերին՝ մենք փորձում ենք նվազագույնի հասցնել նույն այդ միջոցների ռիսկերը: Ֆինանսական միջոցները կառավարողը և վերահսկողը չի կարող միևնույն մարմինը լինել»։

Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքով, սակայն, նման օրենքները պետք է ընդունվեն միայն հանրային քննարկում անցկացնելուց հետո։ Բադեյանի նյարդերն այստեղ տեղի տվեցին. «Երեք տարի ոչ ոք ոչինչ չասեց։ Հո թաքուն չե՞նք ընդունել, լրագրողներն էլ ներկա են եղել»։

 

 

Ի դեպ՝ մամուլում հայտնված տեղեկությանը, թե կենսաթոշակային ֆոնդերից մեկի կառավարիչն օֆշորային գոտում է գրանցված, հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը նշեց, որ օֆշորում գրանցված ընկերությունը դեռ չի նշանակում, որ այն անազնիվ ընկերություն է, «ուրիշ բան, որ այս պատճառով նա կարող է կասկածների տեղիք տալ»։

Բադեյանը խոստացավ զբաղվել այս հարցով, սակայն ակնարկեց, որ հարցով պետք է զբաղվի  կառավարությունն ու ԿԲ-ն:

Եթե խոսք գնում է  կառավարության մասին` հետևաբար հնչում է հարցը`ինչպես է մեկնաբանում Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճը, արդյո՞ք Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն։ «Ես Քոչարյանի գլխում չեմ ապրում և չգիտեմ՝ ինչ է մտածում՝ քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու մասին»,- ասաց Բադեյանը։

Քոչարյանի վերադարձի պարագայում արդյո՞ք ՀՀԿ-ն կարող է երկրորդ նախագահի հենարանը լինել, հարցին պատգամավորը  հարցով պատասխանեց. «ՀՀԿ-ն Քոչարյանի հետ ի՞նչ կապ ունի»:

Արամ Սարգսյանը իր հերթին  նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Տիգրան Սարգսյանն իրար հետ լավ էլ աշխատում էին։ «17 տոննա ոսկին վաճառեցին՝ ախ էլ չարեցին։ Այնպես որ՝ այս բանավեճը ոչինչ չի նշանակում»։

Ցուցադրել ավելի
Back to top button