Քաղաքական

Քաղաքագետների միության նկատմամբ իրականացվել է քաղաքական հալածանք, ասում է Հմայակ Հովհաննիսյանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իր ունեցած կոչումներին ավելացրել է եւս մեկ կոչում: Քաղաքագետը պարզաբանել է, որ այդ կոչումն ինքն անվանել է իշխող ռեժիմի կողմից դատապարտվածի կոչում եւ այն համարում է պատվավոր: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի` իր եւ իր նախագահած քաղաքագետների միության նկատմամբ իրականացվել է քաղաքական հալածանք: Հայտարարելով, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունն օրերս ավարտվել է խայտառակ դատավճռով` քաղաքագետը շեշտել է, որ իր պաշտպանը պաշտպանական ճառից հրաժարվել է բիրտ ճնշումների արդյունքում: Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ` դատավարության նպատակը մեկն է` իրեն տուգանքների տակ դնելով հասնել քաղաքագետների միության լուծարմանը:

Այն բոլոր արատները, որ նշվել են ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում` Հայաստանի դատաիրավական համակարգի առնչությամբ, Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, իր նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարության ընթացքում դրսեւորվել են: Հիշեցնենք, որ ամբողջ պատմությունն սկսվել էր նրանից, որ այն շենքում, որտեղ տեղակայված է ՀՔՄ-ի գրասենյակը, սեփականատերը որոշել էր հիմնանորոգում անցկացնել: Ըստ գործի` Հմայակ Հովհաննիսյանն անզգուշաբար մարմնական վնասվածք է հասցրել սեփականատիրոջը: Մինչդեռ, Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ ինքն այս ամբողջ պատմության մեջ եղել է տուժող:

Անդրադառնալով ու պարզաբանելով իր այն դիտարկումը, թե ամբողջ պատմության նպատակը իր նախագահած Քաղաքագետների միության կազմալուծումն է եղել` Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ պատճառը մեկն է. իրենք միշտ քննադատական մոտեցումներ են ունեցել եւ եղել են սկզբունքային:

Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ զուգահեռներ անցկացնելով` Քաղաքագետների միության նախագահը կարծիք հայտնեց, որ ամեն ինչ հետեւանք է նրա, որ երկու երկրներում էլ կարեւորագույն որոշումներ ընդունվեցին առանց հասարակության հետ քննարկելու: Խոսքը` ՄՄ-ին անդամակցության որոշման մասին է:

Հասարակություններին անակնկալի բերելը, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, մեկ պատճառ ուներ` Ռուսաստանին ցույց տալ, թե ով է իրականում ռուսական շահերի երաշխավորը եւ ստանալ անվերապահ աջակցություն Ռուսաստանից: Քաղաքագետի խոսքով` գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց կրկնակի վճարելու պատճառով Հայաստանում էլ կուտակվել է, նրա բնորոշմամբ, երկրաշարժի էներգիա եւ դա տեղի է ունենալու` համոզված է քաղաքագետը:

Ցուցադրել ավելի
Back to top button