ԿարևորՀասարակություն

ԿԲ. կենսաթոշակային բարեփոխումները շարունակական են լինելու

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կենտրոնական բանկի երկու վարչության պետերն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու մեկ անգամ ևս պարզաբանումներ ներկայացրել  այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած  Կենսաթոշակային բարեփոխումերի կուտակային պարտադիր բաղադրիչի վերաբերյալ: Գլխավոր դրամատան պաշտոնյաները վստահեցրել են, որ մի քանի հազար  մարդ արդեն ֆոնդի կառավարիչ ու ֆոնդ է ընտրել: ԿԲ- ում կարծում են, որ չնայած քաղաքացիների դժգոհություններին, բարեփոխումները շարունակական են լինելու: Բանկի ֆինանսական համակարգի կառավարման վարչության պետ Մհեր Աբրահամյանը, այդուհանդերձ,  թվարկել է  թե Հայաստանի համար բացասական ինչ հետևանքներ կարող են ունենալ, եթե    բարեփոխումները  չեղյալ հայտարարվեն։

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2014/01/240114banc.mp3

«ԱՄՈՒՆԴԻ ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ»  և «ՑԵ ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ».  վերը նշված  երկու ընկերությունների  գործունեության հետ  կամա թե ակամա պետք է ծանոթ լինեն մեր  երկրի ավելի քան 250 հազար քաղաքացիները: Հենց այսքան մարդ անկախ իր կամքից այս տարվա հունվարի մեկից դարձել են  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ: Առայժմ նրանք  կենսաթոշակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ  կամավոր են ընտրում: Մոտ մեկ ամիս անց, սակայն, կենսաթոշակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ  կընտրի համակարգը:

Մինչ այժմ համակարգին միացել է մի քանի հազար մարդ, կոնկերտ թվեր դեռ չեն ներկայացվում, գլխավոր դրամատանը խոստանում են՝ կներկայացնեն առաջկայում, առայժմ չեն ցանականում որևէ մեկին որևէ հարցում ուղղորդել։ «Նման ռեֆորմներում մասնակիցները, ովքեր կամավոր գնում, մոտենում և ընտրում են՝ չսպասելով ծրագրի ավտոմատ ընտրությանը, շատ քիչ է լինում, բայց մենք արդեն ունենք մի քանի հազար մասնակից: ՀԲ-ի, USAID-ի կողմից կատարվել են համապատասխան գնահատականներ,   որտեղ մեր նման երկրներում, եթե տասը հազար  հոգի կատարի ընտրություն առանց ավտոմատ ծրագրի,  արդեն գերադրական արդյունք է»,- ասում է ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

Ֆոնդերի ու կառավարիչների  կամավոր ընտրության դեպքում   մարդիկ հակված չեն ընտրություն կատարել, քանի որ   իրազեկված չեն, չգիտեն, թե ում և ինչ ընտրեն: Ուստի ընձեռվելու է  ավտոմատ ընտրության հնարավորություն, քաղաքացին, սակայն, ինֆորմացիան  ստանալուց անմիջապես հետո նույնպես կարող է փոփոխություն կատարել: Քաղաքացիները դեռ մինչև մարտի սկզիբ ժամանակ ունեն:

Այդուհանդերձ, ինչու ՞ պարտադիր և ոչ թե կամավոր միանալ կենսաթոշակային նոր համակարգին։ ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը խոստովանում է՝ «եթե պարտադիր չլինի, հաջողության չենք հասնի»։ Սա, ի դեպ, աշխարհի փորձն է հուշում։ «Մարդիկ հակված չեն այս պահին ավելին խնայելու, ուստի և պարտադիր եթե չլինի, դա չի աշխատի: Բոլոր այն երկրները, որոնք պարտադիր չեն դրել, հաջողություն չեն ունեցել: Մի քանի զարգացած երկրներ նայենք, որտեղ կարող եք ինքներդ էլ տեսնել, թե որքան բարձր է եկամուտների մակարդակը, օրինակ՝ Կենտրոնական Եվրոպա՝ Գերմանիա, Ֆրանիսա, որոնք երկար ժամանակ է, որ ունեն կամավոր կենսաթոշակային ֆոնդեր, որոնք ունեն նաև լուրջ խնդիրներ կենսաթոշակների հետ կապված»։

Տեղեկացնենք, որ «ԱՄՈՒՆԴԻ ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԻ-ի հիմնադիրներն են ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT>> ընկերությունը 51 տոկոս մասնակցությամբ և «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ » բանկը՝ 49 տոկոս մասնակցությամբ:

«ՑԵ ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի հիմնադիրներն են C=QUADRAT INVESTMENT  AG 74,9 տոկոս մասնակցությամբ և  Talanx Asset Managemenq GmbH` 25,1 տոկոս մասնակցությամբ: ԿԲ ֆինանսական համակարգի կառավարման վարչության պետ Մհեր Աբրահամյանը  վստահեցնում է ու փարատում մտահոգությունները՝ երկու -երեք տարի հետո ընկերությունները  չեն կարող հեշտ ու  հանգիստ ֆոնդերը վաճառել   որևէ անվստահելի անձի  կամ օլիգարխի։ «Նախքան, որ գործարքը  օրինական կհամարվի, անհրաժեշտ է ԿԲ-ի ՝ որպես վերահսկող մարմնի համաձայնությունը: Եթե նման իրավիճակում հայտնվեն ընկերություններ, որոնք չեն բավարարի մեր կողմից սահմանված չափանիշերին, պարզապես ԿԲ չի տա իր համաձայնությունը և ոչ ցանկալի բաժնետերերը չեն հայտնվի այդ ընկերությունների ղեկավար մարմիններում»։

ԿԲ- ում նաև վստահեցնում են՝ երկու ընկերություններն էլ տեղյակ են, որ Հայաստանում   դժգոհություններ կան, հետևում են ցանկացած ինֆորմացիայի, այդուհանդերձ՝ պատրաստ են մուտք գործել հայկական շուկա: Չնայած դժգոհություններին՝ բարեփոխումները շարունակական են լինելու, վստահ են գլխավոր դրամատանը:

ԿԲ ֆինանսական համակարգի կառավարման վարչության պետ Մհեր Աբրահամյանը թվարկում է նաև բարեփոխումները  անվավեր հայտարարելու բացասական հետևանքները Հայաստանի համար։ «Ցանկացած զարգացում կարող է լինել, այն շարունակական է լինելու: Այնուամենայնիվ՝ եթե ինչ-ինչ պատճառներով այն չշարունակվի, կարող է որոշակի բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի վարկանիշի և վստահության վրա միջազգային շուկայում:  Մենք նախաձեռնել ենք մի բարեփոխում, բանակցել ենք նման միջազգային հեղինակություն ունեցող ընկերությունների համար, նրանք պատրաստակամություն են հայտնել մուտք գործել Հայաստան: Եթե կեսից խաղի կանոնները փոխվում են, դա բացասաբար կարող է ազդել մեր երկրի բիզնես միջավայրի և օտարերկյա ներդրումների վրա»։

Իսկ ես հավելեմ, որ ընտրված երկու կազմակերպություններն էլ տարիներ շարունակ ներգրավված են եղել կենսաթոշակային բարեփոխումների  կամավոր  համակարգում:  Հիշեցնեմ՝  Հայաստանում  գործում է  կուտակային կենսաթոշակային համակարգի  պարտադիր բաղադրիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button